Վերջին հինգ տարիներին թմրանյութեր օգտագործող և Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում գրանցված կանանց թիվն աճել է, հունիսի 26-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի բուժման գծով փոխտնօրեն Գայանե Վարդազարյանը։

Նրա խոսքով՝ վերջին հինգ տարիների ընթացքում կենտրոնում գրանցված թմրանյութեր օգտագործողների թիվն աճել է 6.3 տոկոսով։

«Կանանց թիվն աճել է մոտ 8 տոկոսով։ Մենք ունենք նաև գրանցված անչափահասներ, բայց նրանց թիվը չի աճում։ Ամեն տարի մեզ մոտ գրանցվում է 18 տարեկանից փոքր 6-9 անձ։ Սա լուրջ մարտահրավեր է մեր հասարակության համար։ Վերջին հինգ տարիների ընթացքում մեր կենտրոնում ստացիոնար և ամբուլատոր բուժում է ստացել ավելի քան 1 000 քաղաքացի», - նշել է Վարդազարյանը։

Կենտրոն դիմող քաղաքացիների շրջանում աճել է նաև սինթետիկ թմրանյութերի օգտագործումը։

 «Այս պացիենտների մոտ 60-70 տոկոսը խնդիրներ ունի այդ նյութերի հետ կապված։ Մասնավորապես, դրանց թվում են մեթամֆետամինը, ամֆետամինը և ալֆա- PVP-ն», - ավելացրել է փոխտնօրենը։

Վարդազարյանը նշել է, որ կենտրոնում բուժումն անվճար է ՀՀ բոլոր քաղաքացիների համար։ Ընդ որում, մարտի 1-ից անվճար է դարձել նաև մեթադոնային փոխարինիչ թերապիան։

«Ընդհանուր առմամբ, 630 հիվանդ ներկայում ստանում է մեթադոնային փոխարինիչ թերապիա», - հայտնել է մասնագետը։

Նշենք, որ հունիսի 26-ը նշվում է որպես Թմրամիջոցների չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օր, որը սահմանվել է ՄԱԿ-ի կողմից։