Գերմանիա է տեղափոխվել Կոնգոյի ԴՀ-ում արտագնա աշխատանքի ժամանակ էբոլայով վարակված ԱՄՆ ևս մեկ քաղաքացի։ Այս մասին հայտնում է DPA գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ պացիենտին անցած գիշեր տեղափոխել են Մայնի Ֆրանկֆուրտի համալսարանական կլինիկա։ Ավելի վաղ ԱՄՆ իշխանությունները հայտնել են, որ հիվանդը Կոնգոյի ԴՀ-ում գործող հումանիտար կազմակերպություններից մեկի աշխատակից է։ Նրա մոտ հայտնաբերվել է Բունդիբուջիո վիրուսը, որը Էբոլա վիրուսի շտամներից մեկն է։
Սա արդեն ԱՄՆ երկրորդ քաղաքացին է, որը բուժում է ստանում Գերմանիայում Կոնգոյի ԴՀ-ում Էբոլայով վարակվելուց հետո։ Ավելի վաղ Բեռլինի «Շարիտե» կլինիկայում բուժում է ստացել ամերիկացի մի բժիշկ, որը դուրս է գրվել հունիսի 6-ին՝ բավարար վիճակում։
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում և հարևան Ուգանդայում Էբոլա տենդի բռնկման մասին պաշտոնապես հայտարարվել է մայիսի 15-ին։ Աֆրիկյան միության առողջապահության ծառայության տվյալներով, 1976 թվականին Էբոլա վիրուսի հայտնաբերումից ի վեր, ներկայիս համաճարակը դարձել է չորրորդն իր մասշտաբներով և ծանրությամբ։






