Բյուրեղավան քաղաքում, ինչպես նաև հարակից Արզնի և Նուռնուս համայնքներում արձանագրվել է աղիքային վարակի բռնկման հերթական ալիքը։ Սա ընթացիկ տարում նմանատիպ արդեն երկրորդ դեպքն է. առաջին բռնկումը տեղի էր ունեցել ապրիլին։ Տուժածների թվում կան տարբեր տարիքային խմբերի քաղաքացիներ, սակայն նրանց մեծ մասը երեխաներ են։
Միայն վերջին գիշերվա ընթացքում շտապօգնության ծառայությունը Բյուրեղավանից ստացել է 15 կանչ՝ միևնույն ախտանշաններով՝ սրտխառնոց, փսխում, փորլուծություն և ընդհանուր թուլություն։ Վարակվածներից վեցին, որոնց վիճակը գնահատվել է միջին ծանրության, տեղափոխել են Աբովյանի հիվանդանոց, իսկ մյուսներին նշանակվել է տնային բուժում։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտարարել է, որ Բյուրեղավանում խմելու ջրի որակի որևէ շեղում չի արձանագրվել։ Մինչդեռ բնակիչները համոզված են, որ թունավորման պատճառը 100%-ով խմելու ջուրն է։ Նրանք հիշեցնում են ապրիլյան դեպքը, երբ ընկերությունը դարձյալ հերքում էր խնդիրը, սակայն Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) հետազոտությունները ջրի մեջ հայտնաբերել էին կոլիֆորմ մանրէներ, ինչը վկայում էր կոյուղաջրերի ու խմելու ջրի հնարավոր միախառնման մասին։
Այս պահին քաղաքում ջրամատակարարումը դադարեցված է։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ բնակիչները հրաժարվում են ծորակի ջրից և օգտվում են խանութներից գնված շշալցված ջրից։ Ավելին, բնակիչները պատրաստվում են շշերի մեջ կուտակված ծորակի ջուրը հանձնել անկախ փորձաքննության և դատական կարգով պատասխանատվության ենթարկել «Վեոլիա Ջուր» ընկերությանը։
ՀՎԿԱԿ-ը ներկայումս իրականացնում է նոր նմուշառումներ՝ վարակի աղբյուրն ու տարածման ուղիները պաշտոնապես հաստատելու համար։





