Տարիներ շարունակ Հայաստանում բավական մեծ տարածում ուներ այն կարծրատիպը, որ արտաքինի մասին խնամքը միայն կանանց կարող է հետաքրքրել, իսկ իսկական տղամարդուն վայել չէ քսուքներ օգտագործելը կամ նույնիսկ դրանց մասին ինչ-որ բան իմանալը:
Մաշկա-վեներաբան Կարեն Վարդանյանի խոսքով, նախկինում հաճախ էր պատահում, երբ տղամարդիկ բավական ոչ ադեկվատ էին արձագանքում, եթե բժիշկը, ասենք, երիտասարդական պզուկների բուժմանը զուգահեռ խորհուրդ տալ դիմել կոսմետոլոգի: Բայց վերջերս, մասնագետի խոսքով, հայ տղամարդիկ նկատելիորեն փոխվել են, եւ շատերը սկսել են խնամել իրենց մաշկը՝ հասկանալով դրա կարեւորությունը:
«Անցել են այն ժամանակները, երբ տղամարդիկ մեկ օճառն օգտագործում էին եւ որպես շամպուն, եւ որպես մարմնի գել», - ասել է Կարեն Վարդանյանը, ավելացնելով, որ այսօր տղամարդիկ ավելի բծախնդիր են դարձել եւ հստակ գիտեն, որ շամպունը գլխի մաշկի համար է, իսկ մարմնի գելը՝ մարմնի: Շատերն անգամ արդեն առաջին պատահածը չեն գնում եւ երկար ընտրում են, թե որն արժե գնել, ինչը մասնագետներին շատ է ուրախացնում:
Հիշեցնենք, որ մասնագետները նշում են, որ Հայաստանում մարդկանց մաշկը տարվա բոլոր եղանակներին խոնավեցման կարիք ունի՝ անկախ մարդու սեռից:
Բացի այդ, մասնագետները նշում են, որ ձմռանը թե կանանց, թե տղամարդկանց շուրթերը խնամքի եւ խոնավեցման կարիք ունեն՝ դրանց չորացումից եւ դրա պատճառով առաջացող խնդիրներից խուսափելու համար:
Ամեն դեպքում շատերը կհամաձայնեն, որ մաշկը խոնավեցնելը կամ շուրթերը հիգինեիկ քսուկի օգնությամբ ցրտից եւ չորությունից պաշտպանելը ոչ մեկին պակաս տղամարդկային չի դարձնի:






