Եղվարդի մանկապարտեզի սաները երեկ՝ նոյեմբերի 28-ին, սնվել են այնպես, ինչպես միշտ։ Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին Եղվարդի մանկապարտեզի մեթոդիստ Տիրուհի Ավետիսյանն է պատմել։

Նրա խոսքով՝ մանկապարտեզի 400 երեխաներից 343-ն էին ներկա։ Նախաճաշին երեխաները կաթնաշոռով թթվասեր են կերել եւ թեյ են խմել, ճաշին՝ վերմիշելով ապուր, ետճաշին՝ բրնձով, մսով փլավ եւ թխվածքաբլիթ։

Ժամը 11-ին մի երեխա վատ էր իրեն զգացել, փսխում էր ունեցել. մանկապարտեզի աշխատակիցները շտապօգնություն էին կանչել եւ երեխային տեղափոխել էին հիվանդանոց։ Քիչ ուշ եւս մեկ երեխա էր վատացել՝ մեկ այլ խմբից։

Օրվա վերջում մանկապարտեզի աշխատակիցներն իմացել են, որ երեխաների հոսք էր սկսել դեպի հիվանդանոց՝ նույն ախտանիշներով. բոլորի մոտ փսխումներ էին, փորթուլություն եւ բարձր ջերմություն։

Տիրուհի Ավետիսյանը նաեւ նշել է, որ վաղ առավոտյան մի քանի երեխա արդեն վատ էին զգում եւ ջերմություն ունեին։ Հավանաբար ոմանք թունավորվել էին դեռ նախորդ օրը՝ նոյեմբերի 27-ին։

[gallery id=42]

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի