Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելեց Երեւանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց: ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր վարակաբան, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Արա Ասոյանի ուղեկցությամբ նախարարը շրջեց հիվանդասենյակներով, ծանոթացավ Եղվարդի մանկապարտեզում նոյեմբերի 28-ին թունավորման հետեւանքով Երեւան տեղափոխված երեխաների առողջական վիճակին, զրուցեց նրանց հետ: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Արմեն Մուրադյանը նշեց, որ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ինքը երկուժամյա պարբերականությամբ զեկուցում է իրականացվող աշխատանքների ընթացքի եւ հիվանդների առողջական վիճակի մասին:

Նա տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ առկա է 67 հիվանդ, որից 48-ը հոսպիտալացվել է Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոն, 19-ը` «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, 1-ը` «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Բակային համայցերի արդյունքում հայտնաբերվել է աղեստամոքսային թեթեւ գանգատներով 21 երեխա, կազմակերպվել է նրանց ամբուլատոր բուժումը: Նախարարը կարեւորեց, որ առողջապահական բոլոր օղակներն օպերատիվ արձագանքել են ստեղծված իրավիճակին եւ նրանց հաջողվել է ժամանակին իրականացնել հակահամաճարակային ու կանխարգելիչ միջոցառումներ:

Հոսպիտալացված բոլոր երեխաների առողջական վիճակը գնահատվում է բավարար: Նկատվում է լավացման դրական դինամիկա: