Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Վերջինս հիվանդության վերաբերյալ տեղեկացվածության մակարդակն ավելացնելու, ՄԻԱՎ-ի դեմ պայքարողներին աջակցություն ցուցաբերելու եւ ՁԻԱՀ-ից մահացածները հիշատակը վառ պահելու նպատակ է հետապնդում, հաղորդում է Medical Daily-ն:
Խոսքը մի հիվանդության մասին է, որը ժամանակին «նույնասեռականների իմունային անբավարարություն» ոչ պաշտոնական անվանումն էր կրում: ԱՄՆ-ում այն առաջին անգամ 1977թ.-ին՝ նույնասեռական տղամարդկանց շրջանում է ի հայտ եկել, այնուհետեւ էլ՝ այլ համայնքների փոխանցվել՝ ողջ երկիրը վարակվածներին սպանելու արագությամբ սարսափի մեջ պահելով: Այժմ, գրեթե 40 տարի անց, աշխարհն ավելի լայն պատկերացումներ ունի՝ հիվանդության եւ դրա պատճառների մասին, ուստի եւ դադարել է այն նույնասեռականների «արտոնությունը» համարել: Թեեւ ցայսօր էլ ոչ մի նույնասեռական չի կարող արյուն տրամադրել՝ փոխպատվաստման համար: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի եւ այլ՝ արյան միջոցով փոխանցվող ինֆեկցիաների, մասնավորապես հեպատիտ Բ-ի տարածման կանխարգելմանը միտված որոշման պատասխանատուն սննդամթերքի եւ դեղամիջոցների նկատմամբ սանիտարական վերահսկողություն իրականացնող ամերիկյան վարչությունն է (FDA) հանդիսանում:
Այդուհանդերձ, առաջիկա օրերին հաստատությունը ներկայացնող փորձագետները մտադիր են վերը հիշատակված արգելքը վերացնելու մասին հարցը քննարկել: ԱՄՆ առողջապահության նախարարության խորհրդատվական խմբերից մեկի առաջարկությամբ, արյուն հանձնելու ցանկություն ունեցող նույնասեռական տղամարդկանց այսուհետ կարող է 12 ամիս տեւողությամբ հետաձգման ժամկետ տրվել, որի ընթացքում նրանք պետք է ձեռնպահ մնան մեկ այլ տղամարդու հետ սեռական հարաբերություններից: Փորձագետների խումը կարող է այլ առաջարկներ եւս քննարկել:
Բնակչության ընդամենը երկու տոկոսը կազմող նույնասեռական տղամարդկանց շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով վարակման ամենաբարձր ռիսկն է գործում: Հատկանշական է, որ, հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ամերիկյան կենտրոնի տվյալներով, 2010թ.-ին 13-24 տարեկանների մոտ ինֆեկցիայով ախտահարման դեպքերի 72 տոկոսը արվամոլներին է բաժին հասել: Բոլոր ախտահարվածների պարագայում էլ նույնասեռական եւ երկսեռական տղամարդկանց վերագրվող ցուցանիշը 56 տոկոս է կազմել: Հենց դա է պատճառը, որ մինչ այժմ FDA-ն արգելք էր կիրառում՝ հիշյալ խմբերից արյան փոխներարկման վրա՝ բավական է նշել, որ 5-ից մեկ դեպքում հիվանդներն անտեղյակ են՝ ինֆեկցիայի առկայության մասին: «Խտրականություն հրահրող» եւ անընդունելի արգելքը վերացնելու շուրջ քննարկումները մի շարք նույնասեռականների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստներ, բժշկական խմբեր եւ օրենսդիրներ են նախաձեռնել:
Հետաձգման ժամկետը անհրաժեշտ ապահովություն կարող է հաղորդել՝ նույնասեռականներից արյուն հավաքագրելու հարցում: Բազմաթիվ հետազոտություններ մինչեւ 6 ամիս ժամանակ են պահանջում՝ վիրուսի հակամարմինների հայտնաբերման համար, թեեւ, FDA-ի հավանությամբ, առավել արագագործ օժանդակ թեստեր եւս գործում են: Արդյունքում ՄԻԱՎ-ով վարակված արյան փոխներարկման ռիսկը ներկայումս երկու միլիոնից մեկի է հավասար:
Հետազոտությամբ հաստատվել է, որ նույնասեռական տղամարդկանցից արյան փոխներարկման վրա դրված արգելքի վերացումը կարող է տարեկան հավաքագրումների՝ շուրջ 300 հազար լիտրով ավելացման հանգեցնել եւ 1,8 մլն մարդու կյանք փրկել: Արգելքն այլեւս անցյալում է մի շարք այլ երկրների՝ Մեքսիկայի, Իտալիայի, Հարավային Աֆրիկայի, Ճապոնիայի եւ Կանադայի համար:






