Երեւանի Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնում այսօր մեկնարկել է «Արգանդի միոմայի էնդոսկոպիկ բուժումը» խորագրով սեմինարը, որին հրավիրված են բ.գ.դ. պրոֆեսոր Լաուրա Կապուշեւան (Մոսկվա, ՌԴ) եւ բ.գ.դ. պրոֆեսոր Վիտալի Բեժենարը (Սանկտ-Պետերբուրգ, ՌԴ):
Երկու օրվա ընթացքում մասնագետները նաեւ Երեւանում մի քանի լապարասկոպիկ եւ հիստերոսկոպիկ վիրահատություններ են կատարելու, որոնք ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվելու են սեմինարի մասնակիցներին:
Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցին Լաուրա Կապուշեւան եւ Վիտալի Բեժենարն են պատմել, սեմինարը նվիրված է արգանդի միոմայի ժամանակակից բուժման խնդիրներին. խոսքը հիմնականում միոմայի բուժման էնդոսկոպիկ մեթոդների մասին է գնում, որոնք հնարավություն են տալիս հեռացնել միոման՝ պահպանելով օրգանն ու դրա վերարտադրողական ֆունկցիան:
Լաուրա Կապուշեւայի փոխանցմամբ՝ վերջին մի քարի տարիների ընթացքում Հայաստանում էնդոսկոպիկ տեխնոլոգիաների զարգացման մեծ նկատելի առաջընթաց է տեղի ունեցել, եւ շատ կլինիկաներ եւ մասնագետներ արդյունավետորեն օգտագործում են այդ մեթոդները: Բայց բժիշկները անընդհատ պետք է սովորեն՝ ժամանակին համընթաց քայլելու համար, իսկ նման սեմինարները նոր տեխնոլոգիաներին եւ մեթոդներին ծանոթանալու հնարավորություն են ընձեռում:






