Այսօր` դեկտեմբերի 1-ին, ողջ աշխարհում նշվում է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշպարհային օրը, որը 1988 թվականին հռչակվել էր ԱՀԿ-ի կողմից:

Օրվա նպատակն է բարձրացնել մարդկանց՝ ՄԻԱՎ-վարակի եւ ՁԻԱՀ-ի մասին իրազեկվածության մակարդակը, նպաստել վարակի կանխարգելմանը եւ արդյունավետ բուժմանը:

UNAIDS-ի գնահատականով՝ աշխարհում այսօր կա 15-49 տարեկան մոտ 35,7 միլիոն ՄԻԱՎ-վարակ ունեցող մարդ: Ինչ վերաբերվում է Հայաստանի տվյալներին,  հանրապետությունում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանցհաշվարկային թիվը կազմում է 3700, իսկ  վարակի տարածվածությունը 15-49 տարիքային խմբում 0,2% է:

Ինչ վերաբերվում է գրանցված դեպքերին, ըստ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տվյալների՝ 1988-2014թթ. ընթացքում երկրում գրանցվել է հիվանդության 1924 դեպք, որոնցից 305-ը հայտբաներվել են 2014թ. 11 ամիսների ընթացքում:

Հայաստանում ՄԻԱՎ-վարակն ավելի տարածված է տղամարդկանց շրջանում (1329 գրանցված դեպք (69%)); արձանագրվել է նաեւ վարակի 595 դեպք (31%) կանանց շրջանում եւ 38 դեպք (2%)՝ երեխաների մոտ:

Ինչ վերաբերվում է վարակի փոխանցման ուղիներին, Հայաստանում հիմնական փոխանցման ուղին է հետերոսեքսուալ սեռական կապը՝ հենց այդպես են վարակվել գրանցված դեպքերի 63,0%-ը: Հաջորդ տեղում են ներակային թմրամիջոցները՝ 28,0%, հոմոսեքսուալ ճանապարհը՝ 2,3%, մորից՝ երեխային փոխանցվելը՝ 1,8% եւ արյան միջոցով վարակվելը՝ 0,2%: 4,7% դեպքերում էլ վարակի փոխանցման ճանապարհն անհայտ է: