ՄԻԱՎ վարակը շարունակում է մնալ հազարամյակի հիմնական մարտահրավերներից մեկը, որից չի խուսափել աշխարհի եւ ոչ մի երկիր: Հայաստանի Հանրապետությունում մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակվածության դեպքերի արձանագրումը սկսվել է 1988 թվականից: Այս մասին ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել են ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը, Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն, ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը, Լիոնի Համալսարանական հիվանդանոցային կենտրոնի (CHU) պրոֆեսոր Դոմինիկ Պեյրամոն.
2014թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ քաղաքացիների շրջանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1924 դեպք: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը վկայում է, որ հանրապետությունում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը կազմում է 3700:
Մեր երկրում ՄԻԱՎ վարակի տարածումն ունի որոշակի առանձնահատկություններ տարածաշրջանի այլ երկրների համեմատ:
Առաջին առանձնահատկությունն այն է, որ վերջին 10 տարվա ընթացքում նկատվում է փոխանցման հիմնական ուղիների փոփոխություն:
Երկրորդ առանձնահատկությունն այն է, որ վերջին տարիներին բավականին մեծացել է միգրացիայի գործոնի ազդեցությունը երկրում արձանագրվող դեպքերի ընդհանուր թվի վրա։ 2012-2013թթ. արձանագրված դեպքերի մեծամասնությունը՝ 58%-ը կազմում են արտերկրում վարակվածները, 17%-ը՝ նրանց զուգընկերները: Այսպիսով` արձանագրված դեպքերի 75%-ը կապված է միգրացիայի հետ:
Երրորդ առանձնահատկությունն այն է, որ 2004-ից տարեցտարի արձանագրվող դեպքերի ընդհանուր կազմում նվազում է, այսպես կոչված, «դասական ռիսկի խմբերի», այսինքն՝ թմրամիջոցների ներարկային օգտագործողների, կոմերցիոն սեռական ծառայություններ տրամադրող կանանց եւ հոմոսեքսուալ հարաբերություններ ունեցող տղամարդկանց համամասնությունը։
Լաբորատոր ախտորոշման հնարավորությունների ընդլայնման, ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունների հասանելիության մեծացման շնորհիվ բարելավվել է ՄԻԱՎ վարակի հայտնաբերումը, արդյունքում աճել է արձանագրված դեպքերի թիվը:
Հայաստանի Հարապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման աշխատանքներն իրականացվում են թվով երրորդ ազգային ծրագրի շրջանակներում, երկրում շարունակում են կանխարգելիչ աշխատանքները ՄԻԱՎ-ի նկատմամբ առավել խոցելի խմբերի շրջանում, ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց տրամադրվում է բուժում, խնամք եւ աջակցություն, իրականացվում է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կան-խարգելում, ապահովվում է դոնորական արյան անվտանգությունը, կատարվում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ախտորոշմանն ուղղված լաբորատոր հետազոտություններ եւ այլն: Հաշվի առնելով երկրում ՄԻԱՎ վարակի տարածման հարցում միգրացիայի գործոնի զգալի դերը՝ չափազանց կարեւորվում է միգրանտների եւ նրանց ընտանիքի անդամների շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելման աշխատանքները, ինչը իրականացվում է Ռուսաստանի Դաշնության, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրերի, ինչպես նաեւ ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի եւ մալարիայի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամի աջակցությամբ:
ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի անմիջական մասնակցությամբ իրականացված մի շարք գործողությունների արդյունքում ձեւավորվեց նոր մոտեցում միգրանտների շրջանում կանխարգելման աշխատանքներ իրականացնելու համար: Մոտեցման էությունը միգրանտներին ՄԻԱՎ վարակին առնչվող ծառայությունների տրամադրումն է տեղերում` շարժական բժշկական խմբի կողմից։ «ՍՊԻԴ ինֆոսվյազ» տարածաշրջանային հասարակական կազմակերպության աջակցությամբ հանրապետության 7 մարզի 60 գյուղական եւ քաղաքային համայնքներում իրականաց-վում է ՄԻԱՎ վարակի կանխարգելման ծրագիր միգրանտների եւ նրանց ընտանիքի անդամների շրջանում: ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի աջակցությամբ 60 համայնքներից 25-ում, որտեղ միգրանտների թիվն ըստ նախնական գնահատումների ավելի մեծ է, իրականացվում են նաեւ միգրանտների զուգընկերներին, կանանց ուղղված առանձին միջոցառումներ: ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի եւ մալարիայի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամի աջակցությամբ հանրապետության 10 մարզի եւս 40 համայնքում իրականացվում է ՄԻԱՎ վարակի կանխարգելման ծրագիր միգրանտների եւ նրանց զուգընկերների շրջանում: Ընդհանուր առմամբ, բոլոր ծրագրերի շրջանակներում միգրանտների եւ նրանց զուգընկերների ծածկույթը հասել է 20557-ի, որոնցից ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվել են 5376-ը:






