Նախնական փուլի կլինիկական փորձարկումները ցույց են տվել, որ Սենտ Լյուիսում գործող Վաշինգտոնի համալսարանին կից բժշկական դպրոցի կողմից՝ կրծքագեղձի քաղցկեղի դեմ մշակված պատվաստանյութն անվտանգ է՝ կրծքագեղձի մետաստատիկ քաղցկեղով տառապող հիվանդների շրջանում կիրառման համար:
Փորձարկման՝ Clinical Cancer Research ամսագրում հրապարակված արդյունքները նաեւ պատվաստանյութի՝ քաղցկեղի զարգացումը դանդաղեցնելու հատկությունն են մատնանշում, հաղորդում է FoxNews-ը:
Պատվաստանյութի թիրախում գրեթե բացառապես կրծքագեղձի հյուսվածքներում առկա՝ մամագլոբին-A անվամբ հայտնի սպիտակուցն է: Նորահայտ դեղամիջոցն օրգանիզմի իմունային համակարգի սպիտակ բջիջների տիպերից մեկը սնուցելու եւ մամագլոբին-A պարունակող բջիջները ոչնչացնելու գործառույթ է իրականացնում:
«Շատ լավ է, որ հաջողացրել ենք մամագլոբինը թիրախավորել, քանի որ այն կրծքագեղձի քաղցկեղով ախտորոշման դեպքերի մինչեւ 80 տոկոսի պարագայում լայն արտահայտում է գտնում, իսկ այլ հյուսվածքներում՝ աննշան մակարդակով բնորոշվում: Տեսականորեն դա նշանակում է, որ կարող ենք կրծքագեղձի քաղցկեղով բազմաթիվ հիվանդների նվազագույն կողմնակի ազդեցություններով բուժել», - նշել է հետազոտության ավագ հեղինակ, կրծքագեղձի քաղցկեղի վիրաբույժ Վիլյամ Ջիլանդերսը:
Մամագլոբին-A չարտադրող ուռուցքով ախտորոշված հիվանդների պարագայում պատվաստանյութը չի կարող արդյունավետ գտնվել:
Փորձարկմանը մամագլոբին-A-ի արտահայտմամբ կրծքագեղձի քաղցկեղով ախտորոշված 14 հիվանդներ են մասնակցել: Դեղամիջոցի անվտանգության ստուգմանը միտված առաջին փուլի ընթացքում մասնակիցների մոտ ցածր թվով կողմնակի ազդեցություններ են ի հայտ եկել: Հետազոտության հեղինակների կողմից դրանք մեղմ եւ միջին ուժգնության են գնահատվել:
Հետազոտական խմբի անդամները նաեւ նախնական վկայություններ են ձեռք բերել առ այն, որ պատվաստանյութը նույնիսկ հիվանդության եւ քիմիաթերապիայի ազդեցության արդյունքում իմունային համակարգի նշանակալի թուլացման ենթարկված հիվանդների մոտ քացկեղի զարգացումը դանդաղեցնելու հատկություն է դրսեւորում:
«Չնայած թույլ իմունային համակարգին, նույնիսկ այդ հիվանդների մոտ, արյան նմուշներում իմունային բջիջներն ուսումնասիրելիս, պատվաստանյութի նկատմամբ կենսաբանական արձագանք է նկատվել: Արդյունքները չափազանց խրախուսական են: Խոսքը կյանքի տեւողության միջին մակարդակի՝ հիվանդության զարգացումից զերծ երկարաձգմանն է վերաբերում», - նշել է դոկտոր Ջիլանդերսը:
Պատվաստանյութը ստացած հիվանդների շուրջ 50 տոկոսի մոտ մեկ տարի անց հիվանդության զարգացում չի նկատվել: Հետազոտության հեղինակները մտադիր են առաջիկայում առավել լայնածավալ կլինիկական փորձարկումներ նախաձեռնել՝ ոչ վաղուց կրծքագեղձի քաղցկեղով ախտորոշված հիվանդների շրջանում պատվաստանյութի արդյունավետությունն ուսումնասիրելու համար:
«Եթե պատվաստանյութը բուժման սկզբում տալու լինենք, իմունային համակարգն էլ, ի տարբերություն մետաստատիկ փուլի, այդքան թույլ վիճակում չի լինի: Ներկայումս, երբ արդեն վկայություններ են ձեռք բերվել՝ դրա անվտանգության մասին, ոչ վաղուց ախտորոշված հիվանդների շրջանում իրականացվելիք փորձարկումների շնորհիվ հնարավոր կլինի առավել լայն պատկերացումներ կազմել՝ թերապիայի արդյունավետության մասին», - ամփոփել է վիրաբույժը:






