«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում, այսօր, դեկտեմբերի 2–ին կայացավ խունկվառի արարողությունը։ Ինչպես լրագրողների հետ զրույցի ժամանակ պարզաբանեց «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանը, կենտրոնը պատկանում է եկեղեցուն, եւ այս արարողությունն այստեղ արդեն ավանդական բնույթ ունի։
«Սա մեզ համար մեծ խորհուրդ ունի, քանզի մենք ստանում ենք Մայր Աթոռի օրհնությունը եւ էլ ավելի լավ աշխատելու պատգամը, էլ ավելի մոբիլիզացնելու մեր ուժերը, մեր կարողությունները որակյալ բուժօգնություն ցուցաբերելու համար», – ասաց Արմեն Չարչյանը։
Կենտրոնի տնօրինությունն ու աշխատակիցները Տաթեւ արքեպիսկոպոս Սարգիսյանի գլխավորությամբ տերունական աղոթքը կարդացին եւ ստացան սրբազանի օրհնությունը։ Հոգեւորականները աղոթեցին հիվանդանոցի եւ նրա անձնակազմի բարօրության համար։
«Վեհափառ Հայրապետի կարգադրությունն է, որ այստեղ հաստատվի հոգեւոր տեսչություն, որպեսզի կարողանանք հոգեւոր աջակցությունը բերել բոլոր հիվանդներին», – ասաց սրբազանը լրագրողներին։
Հոգեւորականները շրջեցին բժշկական կենտրոնի բոլոր բաժիններով, խունկ վառեցին, եւ հիվանդներին Աստծո կամոք շուտ ապաքինում մաղթեցին։





