Էքսետերի համալսարանում անցկացված մեծածավալ հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ տղաներ, ի համեմատություն աղջիկների, ավելի հակված են մահացած ծնվելու: BMC Medicine ամսագրում հրապարակված հետազոտության հեղինակներն ավելի քան 30 միլիոն ծննդյան դեպքեր են ուսումնասիրել՝ պարզելու համար, որ տղաները մոտ 10 տոկոսով բարձր մեռելածնության ցուցանիշով են աչքի ընկնում, ինչը տարեկան մոտ 100 000 տղա երեխաների կորստի կարող է հանգեցնել, հաղորդում է Medical News Today-ը:
Ձեռք բերված արդյունքները կարող են բացատրել, թե ինչու որոշ հղիություններ ճիշտ չեն ընթանում: Մեռելածնության դեպքերի մեկ քառորդն ընթանում է առանց ախտանշանների: Մնացած մասն ախտորոշվում են որպես ընկերքի անոմալիաներ, սակայն դրանց առաջացման պատճառն անհայտ է մնում:
Էքսետերի համալսարանը ներկայացնող բժիշկ Ֆիոնա Մեթյուսի դիտարկմամբ, թվերն արդեն իսկ իրենց փոխարեն են խոսում՝ տղաների եւ աղջիկների մեռելածնության ցուցանիշների տարբերությունը ապշեցուցիչ է: Այն բավականին տարածված է նույնիսկ լավ առողջապահական համակարգ ունեցող երկրներում: Ամեն օր Միացյալ Թագավորությունում 11 երեխաներ մահացած են ծնվում: Տղա երեխաների մահացած ծնվելու բարձր ռիսկի բացահայտումը կարող է առաջին քայլը՝ բարձր ռիսկային հղիությունների արդյունավետ կառավարման ճանապարհին:
Չնայած այն բանին, որ մեռելածնության ցուցանիշը ցածր է զարգացած երկրներում, հետազոտությունը ցույց է տվել, որ տղաների՝ մահացած ծնվելու հավանականությունը հաստատուն է թե բարձր, եւ թե ցածր զարգացվածությամբ երկրներում:
Բացառություն են կազմել միայն Չինաստանից եւ Հնդկաստանից ստացված տվյալները, որտեղ սեռով պայմանավորված հղիության ընդհատումները տարածված բնույթ են կրում: Այստեղից ստացված տվյալներում տղաների եւ աղջիկների մեռելածնության ցուցանիշները հավասար են, իսկ ընդհանուր ցուցանիշը նշանակալիորեն բարձր է՝ այլ երկրների համեմատ: Մեռելածնության ցուցանիշն այստեղ 1,7 անգամ բարձր է ընդունված միջին մակարդակից:
Հետազոտողները խորհուրդ են տալիս անպայման գրանցել մահացած ծնված երեխաների սեռը: Չնայած այն բանին, որ տղաների մահացած ծնվելու բարձր հավանականոթյան պատճառներն անհայտ են, տվյալները կարող են ընկերքի աճի ձեւավորման եւ զարգացման տարբերություններին առնչվել, ինչպես նաեւ առական սեռի պտղի՝ արտաքին միջավայրի գործոնների, մասնավորապես՝ սիգարետի ծխի, ճարպակալման, մոր բարձր տարիքի եւ սոցիալական վատ վիճակի նկատմամբ բարձր զգայունությունը մատնանշել:
Ներկայում գործածվող՝ երեխաների ոչ ճիշտ աճի հայտնաբերմանը միտված մեխանիզմները, վաղ նախազգուշացման համակարգի ներդրման շնորհիվ, մեռելածնության ցուցանիշն նվազեցման են հանգեցրել: Դրանցում համեմատվում են պտղի չափը եւ զարգացման ցուցանիշը հիմնվելով մոր քաշի, հասակի, ազգային պատկանեկության եւ ավելի վաղ ծնված երեխաների թվի վերաբերյալ տվյալների վրա: Երբեմն նաեւ երեխայի սեռն է հաշվի առնվում: Քանի որ տղա երեխաները հիմնականում համեմատաբար մեծ չափեր են ունենում, փոքր արական սեռի պտղի դեպքում տվյալը կարող է բարձր ռիսկի առկայության մասին վկայել:
Բարձր եւ ցածր զարգացվածությամբ երկրներում մեռելածնության ցուցանիշները վերջին 15 տարիների ընթացքում շատ քիչ են փոխվել:






