Երեւանում վերջին տարիներին որոշակի քայլեր են ձեռնարկվում՝ քաղաքը հաշմանդամություն ունեցող մարդկանց համար ավելի մատչելի դարձնելու համար: Սակայն նրանց համար հարմարավետ տրանսպորտի հարցը դեռ լուծված չէ:
Ինչպես լրագրողների հետ զրույցի ժամանակ մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Անուշ Մարգարյանն է պատմել, տարվա ընթացքում նախատեսվում էր տաս ավտոբուս հարմարեցնել հաշմանդամություն ունեցող մարդկանց համար, բայց մինչ այժմ որեւէ գործողություն այս ուղղությամբ չի կատարվել: Բացի այդ, տաս ավտոբուսը բավական քիչ է՝ հաշվի առնելով, որ Հայաստանում բնակվում է հաշմանդամություն ունեցող մոտ 195 000 անձ, որոնցից մոտ 61 000-ը Երեւանում են ապրում:
Անուշ Մարգարյանի խոսքով՝ հարկավոր է վերջապես քայլեր ձեռնարկել՝ ավտոբուսները հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հարմարեցնելու նպատակով: Բացի այդ, ավելի մեծ թվով ավտոբուսներ են հարկավոր, եւ ոչ թե միայն տասը:
Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդականը նաեւ նշել է, որ հաշմանդամություն ունեցող մարդկանց՝ տրանսպորտային միջոցներով ապահովելը չափազանց կարեւոր է, քանի որ այդ մարդկանց՝ տեղաշարժվելու իրավունքը փոխկապակցված է այլ իրավունքների իրացման հետ: Եթե անձը հնարավորություն չունի տեղաշարժվելու, նա չի կարող գնալ դպրոց, աշխատավայր, հիվանդանոց, եւ այսպիսով խախտվում են նրա այլ հիմնարար իրավունքները:
«Սատար» հասարակական կազմակերության գործադիր տնօրեն, ազատամարտիկ եւ առաջին կարգի հաշմանդամ Գագիկ Դանիելյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ նույնպես նշել է, որ լավ կլիներ, եթե հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հարմարեցված տրանսպորտ գործեր:
Նրա խոսքով՝ շատերը ուրախ կլինեին, նույնիսկ եթե օրվա մեջ երկու անգամ՝ առավոտյան եւ երեկոյան քաղաքով շրջեր հատուկ հարմարեցված տրանսպորտային միջոց: Հաշմանդամություն ունեցող մարդիկ սովորաբար շատ ճշտապահ են եւ կհարմարվեն այդ տրանսպորտի ժամերին ու կկարողանան տարբեր վայրեր գնալ, կարծում է Գագիկ Դանիելյանը:
Բայց ցավոք, դեռ հայտնի չէ, թե երբ Երեւանում նման տրանպորտային միջոց կստեղծվի:






