Երեւանը վերջին տարիներին ավելի հարմարավետ է դարձել հաշմանդամություն ունեցող մարդկանց համար, սակայն մարզերում վիճակը դեռ ցավալի է: Այս մասին լրագրողներին «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» իրավաբանական անձանց միության նախագահ Զարուհի Բաթոյանն է պատմել:
Նույն միության անդամ Սուրեն Մաղաքյանը, ով սայլակով է տեղաշարժվում եւ Երեւան է եկել Ստեփանակերտից, նույնպես փաստում է, որ մարզային քաղաքներից շատերում նույնիկ թեքահարթակներ չկան. ավելին, դեպք է եղել, երբ թեքահարթակն ապամոնտաժել են՝ պատճառաբանելով, որ այն ձյունը մաքրելիս «խանգարում էր»:
Զարուհի Բաթոյանը նաեւ նշել է, որ շատ ծառայություններ այսօր հասանելի չեն հաշմանդամություն ունեցող մարդկանց համար՝ թե Երեւանում, թե եւ մարզերում: Օրինակ, վերանորոգված գրադարաններում կան թեքահարթակներ, բայց չկան հարմարեցված սանհանգույցներ: Վերգետնյա անցումներից հաշմանդամություն ունեցող մարդիկ նույնպես չեն կարող օգտվել:
Բացի այդ, կա եւս մեկ կարեւոր խնդիր. անձնագրային բաժինների ու նոտարական գրասենյակների ծառայություններից օգտվելը երբեմն նույնպես շատ դժվար է լինում; եթե, օրինակ, սայլակով տեղաշարժվող մարդը չի կարողանում մտնել նոտարական գրասենյակ՝ դրա անհարմարության պատճառով, նա ստիպված է լինում հավելյալ գումար վճարել՝ գործարքը դրսում կայացնելու համար, չնայած որ այդ ամենը տեղի է ունենում ոչ իր մեղքով:






