Ամերիկացի գիտնականները պնդում են, որ հոգեկան հիվանդություների կենսաբանական մեխանիզմների մասին տեղեկացվածությունը բժիշկների մոտ դեպի հիվանդը կարեկցանքի ոչնչացման է հանգեցնում: Նշված թեմայով հետազոտությունը Proceedings of the National Academy of Sciences ամսագրում է հրապարակվել: 

Հետազոտության հեղինակները մի շարք` հոգեկան հիվանդությունների ախտանշանների նկարագրություն ներառող թեստեր են կազմակերպել ամերիկացի հոգեբույժների համար: Որոշ հիվանդների դեպքում նկարագրությունը ժառանգականությամբ եւ միկրոբիոլոգիայով է բացատրվել, իսկ մյուս դեպքում՝ մանկական փորձով եվ կյանքի ընթացքում տարած սթրեսով: Դրանից հետո բժիշկներին խնդրել են գնահատել իրենց կարեկցանքը՝ հիվանդների հանդեպ: Առաջին դեպքում բուժաշխատողները շատ ավելի քիչ կարեկցանք եւ անհանգստություն են դրսեւորել հիվանդի հանդեպ: 

Սովորաբար ընդունված է համարել, որ հոգեկան հիվանդությունների կենսաբանական բացատրությունը թեթեւացնում է հիվանդների մեղքը եւ այն գեների եւ ուղեղի բջիջների վրա դնում: Սակայն կենսաբանական մոդելները երկակի բնույթ են կրում: Մի կողմից դրանք չեն թողնում մեղադրել հիվանդներին, սակայն մյուս կողմից դիմազրկում են նրանց՝ ներկայացնելով որպես անդեմ մեխանիզմներ, համոզված է աշխատության առաջատար հեղինակ Մեթյու Լեբովիցը:

Գիտնականներն ընդգծում են, որ կենսաբանական գործոնները հոգեկան հիվանդությունների բարդ խճանկարի միայն մի մասն են կազմում: «Իհարկե, մենք չենք համարում, որ հոգեկան խանգարումների ուսումնասիրման գործընթացում պետք է անտեսել կենսաբանությունը: Սակայն առանձնապես կարեւոր է այն որպես համամարդկային փորձի մաս, եւ ոչ հոգեկան հիվանդներին մնացած մարդկանցից տարբերակող ինչ-որ բան ընկալել», - ամփոփել է հոդվածի համահեղինակ Ուո Կյուն Անը: