Եղվարդում՝ մանկապարտեզի երեխաների զանգվածային թունավորման դեպքից հետո մոտ մեկ շաբաթ է անցել, բայց պատասխանատու կողմերն՝ ի դեմս սննդամթերքի անվտանգության պետական ծառայության եւ առողջապահության նախարարության, դեռ չեն պարզել երեխաների թունավորման պատճառը: Այս մասին լրագրողներին «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանն է ասել:

Ո՞վ է մեղավոր այս ամենում եւ ի՞նչ պետք է արվի:

Բաբկեն Պիպոյանի կարծիքով, մեղավոր է թե սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը եւ թե առողջապահության նախարարությունը: Երկու կողմերն էլ ասես իրենց բոլոր ուժերն ու գործողություններն ուղղում են իրենց իսկ պաշտպանելուն, այլ ոչ՝ թունավորման պատճառները պարզելուն եւ մեղավորին գտնելուն:

Ինչպես Բաբկեն Պիպոյանն է նշել, առողջապահության նախարարությունը միանգամից հայտարարել է, որ հավանաբար երեխաների թունավորումը սննդային է, բայց ոչ ոք չի նշել, որ երեխաներն այդ օրը կաթնաշոռ եւ թթվասեր են կերել, չի նշվել եւ այն, թե ինչ ընկերության արտադրանք են դրանք եղել: Կաթնաշոռի եւ թթվասերի նմուշառման եւ ստուգման մասին, Բաբկեն Պիպոյանի խոսքով, նույնպես ոչ մի խոսք չի եղել: Քիչ ավելի ուշ պարզվել է նաեւ, որ երեխաները մանկապարտեզում նրբերշիկ են կերել, ինչի մասին ոչինչ չի ասվել եւ գուցե չասվեր, եթե լրագրողները չպարզեին եւ չբարձրաձայներին այդ փաստը:

Ի՞նչ քայլեր է հարկավոր ձեռնարկել՝ նման ապագայում նման խնդիրներից զերծ մնալու համար:

Բաբկեն Պիպոյանի խոսքով՝ մանկապարտեզներին սննդամթերք մատակարարող ընկերություններին տեղափոխման եւ պահպանման պատշաճ պայմաններ ապահովելու պահանջ չի ներկայացվում, իսկ դա արդեն իսկ վտանգավոր է, քանի որ նույնիսկ ամենաթարմ եւ ամենալավ մթերքը կարող է պահեստում կամ ճանապարհին փչանալ եւ թունավորման պատճառ դառնալ: Այդ իսկ պատճառով, նրա կարծիքով, պետք է ավելի լուրջ վերահսկողություն սահմանել՝ սննդամթերքի տեղափոխման եւ պահպանման պայմանների վերաբերյալ:

Բաբկեն Պիպոյանն առաջարկում է նաեւ գների հանձնաժողով ձեւավորել, որը կհետեւի մանկապարտեզների սննդամթերքի տենդերներին մասնակցող ընկերությունների առաջարկած գներին, քանի որ երբեմն այդ գները շատ ցածր են. օրինակ, ընկերություններից մեկն առաջարկում էր մանկապարտեզներին 1800 դրամով փափուկ տավարի միս մատակարարել, բայց այդպիսի մսի շուկայական գինը մոտ 3500 դրամ է: Արդո՞ք կարող ենք վստահ լինել, որ այդպիսի ցածր գնով առաջարկված միսը որակյալ եւ անվտանգ է:

«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահը նաեւ առաջարկում է յուրաքանչյուր մանկապարտեզում ձեւավորել հանձնաժողով, որը կտիրապետի ամբողջական ինֆորմացիային, թե որ ժամին ում կողմից ինչ սննդամթերք է մատակարարվել մանկապարտեզին. դա կօգնի վերահսկողությունն ավելի լավ իրականացնել եւ հետադարձ կապ ստեղծել սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հետ:

Բացի այդ, Բաբկեն Պիպոյանի կարծիքով, առողջապահության նախարարությունը պետք է մշակի հստակ սննդակարգ, որով կառաջնորդվի յուրաքանչյուր մանկապարտեզ՝ թե Երեւանում, թե հեռավոր գյուղերում:

Այս քայլերը, նրա կարծիքով, մանկապարտեզի երեխաներին գոնե ինչ-որ չափով կապահովագրեն նման դեպքերի կրկնությունից: