Եղվարդի թիվ մեկ մանկապարտեզում երեխաների մոտ դիզենտերիայի առաջացման պատճառը կարող էր լինել կաթնամթերքը կամ մսամթերքը: Այս մասին լրագրողներին մանկաբույժ, գիտությունների թեկնածու Լուսինե Սիմոնյանը:
Նրա խոսքով, բակտերիալ դիզենտերիան կարող է առաջանալ թե մսամթերքից, թե կաթնամթերքից, այդ իսկ պատճառով, այս մթերքները երեխաներին հասնելուց առաջ պետք է լուրջ ստուգում անցնեն:
Հիշեցնենք, որ Եղվարդի մանկապարտեզում երեխաների մասսայական թունավորման մասին հայտնի էր դարձել նոյեմբերի 28-ի երեկոյան։ Ըստ վերջին տվյալների՝ թունավորվել էր 97 երեխա եւ 2 դայակ: Երեխաների մոտ հաստատվել է դիզենտերիա ախտորոշումը:
Նոյեմբերի 28-ին մանկապարտեզում երեխաները կերել էին թե միս, թե կաթնամթերք՝ կաթնաշոռ եւ թթվասեր: Ինչպես լրագրողներին «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանն է ասել, պատասխանատու մարմինները տեղեկություններ չեն հայտնում այն մասին, թե արդյոք ստուգվել են այդ մթերքները: Չկան նաեւ տեղեկություններ այն մասին, թե ինչ ֆիրմայի կաթնաշոռ եւ թթվասեր են երեխաները կերել:
Բաբկեն Պիպոյանը նաեւ նշել է, որ քանի որ դիզենտերիան վարակիչ հիվանդություն է, առողջապահության նախարարությունը նաեւ պարտավոր էր ստուգել մանկապարտեզի խոհարարին, աման լվացողին եւ հավաքարարին, քանի որ նրանց թերացումներն էլ կարող էին երեխաների մոտ դիզենտերիայի տարածման պատճառ դառնալ:






