Երեխաների սննդակարգը չի կարող լինել նույնը, ինչ մեծահասակներինը. երեխաները պետք է ունենան իրենց տարիքին եւ դրա առանձնահատկություններին համապատասխանող հատուկ սննդակարգ, որը խախտել չի կարելի, պնդում է մանկաբույժ, գիտությունների թեկնածու Լուսինե Սիմոնյանը:
Նրա խոսքով՝ կան մթերքներ, որոնք երեխաներին ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել:
Մասնավորապես, մինչեւ երեք տարեկան երեխաներին խստիվ արգելվում է տալ հետեւյալ բաները.
- Երշիկ,
- Նրբերշիկ,
- Խոզի, ոչխարի միս եւ դրանցից պատրաստված ուտեստներ,
- Խտացրած կաթ,
- Մեղր,
- Արհեստական հավելումներով սննդամթերք,
- Գազավորված ըմպելիքներ:
Այդ բոլոր մթերքները, բժշկուհու խոսքով, ոչ մի դեպքում չպետք է մանկապարտեզի սննդակարգի մեջ ներառվեն, իսկ մանկապարտեզի սնունդը պետք է մշակված լինի հատուկ դիետոլոգների կողմից, որպեսզի այն ճիշտ էներգետիկ արժեք ունենա եւ չվնասի երեխայների առողջությանը:
Սակայն խնդիրն այն է, որ այս ցուցակից որոշ մթերքներ մեր մանկապարտեզներում օգտագործվում են:
Ինչպես լրագրողներին «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանն է ասել, Հայաստանում օրենքով սահմանված կարգով մանկապարտեզներին խտացրած կաթ են մատակարարում, ինչին բազմաթիվ մանկաբույժներ դեմ են: Նրբերշիկը եւ երշիկը, իհարկե, արգելված են, բայց հիշեցնենք, որ, ինչպես լրագրողներն են պարզել, Եղվարդի մանկապարտեզում թունավորված երեխաները նրբերշիկ էին կերել:






