Դիզենտերիան աղիքային ծանր ինֆեկցիա է, որը կարող է խրոնիզացիայի բերել եւ հետագայում բարդություններ առաջացնել. մասնավորապես, դիզենտերիայով հիվանդացած երեխաները կարող են հետագայում դիսբակտերիոզ ունենալ, եւ ամեն սննդային խախտումից հետո նրանց մոտ կարող է փորթուլություն առաջանալ: Այս մասին լրագրողներին մանկաբույժ Լուսինե Սիմոնյանն է պատմել:
Բարդություններից խուսափելու համար վարակվածներին պետք է գրագետ բուժում ստանալ, պնդում է մասնագետը:
Հիշեցնենք, որ Եղվարդում թունավորված երեխաների մոտ օրեր առաջ հաստատվել էր դիզենտերիա ախտորոշումը, սակայն վարակի պատճառը դեռ հայտնի չէ:
Ի՞նչ է դիզենտերիան
Ինչպես արդեն նշվել էր, դիզենտերիան (շիգելլիոզը) աղիքային վարակ է, որը հիմնականում բակտերիաների պատճառով է առաջանում: Կա նաեւ ամեոբային դիզենտերիա:
Ինչպե՞ս է վարակը տարածվում
Դիզենտերիայով հնարավոր է վարակվել հիվանդ մարդուց՝ կենցաղային շփման, ջրի եւ սննդի միջոցով: Լուսինե Սիմոնյանի խոսքով՝ վարակի աղբյուր կարող է լինել նաեւ կաթնամթերքն ու մսամթերքը:
Եթե վարակումը տեղի է ունեցել շփման ժամանակ, հիվանդությունը կարող է մի քանի օր շարունակ թաքնված մնալ եւ չարտահայտվել, իսկ սննդային վարակման դեպքում այն կարող է արդեն մի քանի ժամից արտահայտվել:
Որքանո՞վ է այն տարածված
Ըստ ԱՀԿ տվյալների՝ շիգելլիոզով աշխարհում տարեկան մոտ 80 միլիոն դեպք է գրանցվում, որոնցից առնվազն 700 000-ը՝ մահվան ելքով: Ամեոբային դիզենտերիայի դեպքերի թիվը տարեկան մոտ 50 միլիոն է կազմում, որոնցից 50 000-ը մահվան ելք են ունենում: Ավելի ստույգ տվյալների այս հիվանդության տարածվածության մասին չկան, քանի որ շատ երկրներում մասնագիտացված բուժօգնության հետ կապված լուրջ խնդիրներ կան:
Հետաքրքիր է, որ այս հիվանդությունը հիմնականում տարածված է մինչեւ 4 տարեկան երեխաների շրջանում՝ հենց նրանք են կազմում հիվանդների մոտ 60 տոկոսը:






