Ինքնաբուժությունը եւ առողջական խնդիրների առկայության դեպքում հեքիմներին ու բախտագուշակներին դիմելը Հայաստանում այսօր դեռ բավական տարածված պրակտիկա է:
Մաշկա-վեներաբան Կարեն Վարդանյանի խոսքով՝ շատերը բժիշկի են դիմում միայն երբ դանակը հասնում է ոսկորին, ինչը մասնագետների տեսակետից ողջունելի չէ: Բազմաթիվ մարդիկ, ցանկացած առողջական խնդիր նկատելով, սկզբում փորձում են այն ինքնուրույն հաղթահարել կամ հետեւում են բարեկամների, տարբեր հեքիմների, սնխչիների, բախտագուշակների, աղոթք կարդացողների խորհուրդներին, իսկ բժիշկին դիմելն ընկալում են որպես ամենավերջին տարբերակ:
Ինչու՞ է այսպես: Այս հարցը միանշանակ պատասխան չունի: Գուցե այստեղ դեր են խաղում թե ֆինանսական հարցերը, թե որոշակի անվստահությունը, որն առկա է առողջապահական համակարգի նկատմամբ, եւ թե՝ լիովին ապաքինվելու այն հույսը, որը որոշ դեպքերում միայն ոչ ավանդական բժշկության հետեւորդները կարող են ներշնչել:
Կարեն Վարդանյանը նույնիսկ տեսել է գովազդային նյութեր, որտեղ հեքիմները պնդում են, որ բուժում են «ՄԻԱՎ, պսորիազ, շաքարային դիաբետ եւ այլ անբուժելի հիվանդություններ»: Իհարկե, նման հեքիմներին դիմողներ էլ կլինեն, քանի որ նրանք մարդկանց լիովին ապաքինվելու հույս են տալիս՝ նույնիսկ եթե այդ հույսն անհիմն է, չէ՞ որ ցանկացած բժիշկ այս հիվանդություններով դիմող պացիենտին կբացատրի, որ դրանց դեպքում վերջնական բուժում չկա եւ բուժումը միայն հիվանդության սիմպտոմներն է վերացնելու եւ բարձրացնելու է կյանքի որակը:
Կարեն Վարդանյանի կարծիքով, հեքիմներին դիմելն այսպիսի դեպքերում վտանգավոր է մի շարք պատճառներով: Բացի այդ, պետք չէ մոռանալ, որ առողջապահական ոլորտը քիչ թե շատ վերահսկելի է, իսկ հեքիմների գործունեությունը զուրկ է ցանկացած վերահսկողությունից:
Նրա խոսքով՝ գուցե ապահովագրական համակարգը, որն արդեն ներդրված է բազմաթիվ Եվրոպական երկրներում, Հայաստանում տարիների ընթացքում նույնպես կարողանա հարթել այս խնդիրը: Երբ բժիշկ-պացիենտ հարաբերություններում ֆինանսական հարցեր չլինեն եւ ամեն ինչ հոգա ապահովագրական համակարգը, գուցե մարդկանց վերաբերմունքը փոխվի եւ նրանք սկսեն առողջական խնդիրներով մասնագետների դիմել, ոչ թե ինքնաբուժությամբ զբաղվել:






