Աչքերը հոգու հայելին են, հաճախ նաեւ առողջության հայելին: Սակայն դրանք նաեւ կարեւոր օրգան են հանդիսանում՝ ի վիճակի կատարելու այնպիսի զարմանահրաշ բաներ, ինչի մասին նույնիսկ պատկերացում չունենք, օրինակ՝ միլիվայրկյանների ընթացքում թարթումը եւ զարմանալի հմտությամբ ու ճարպկությամբ ինքնաբուժումը:
Ինֆրակարմիր սպեկտր
Մարդու աչքը կարող է ընկալել ելեկտրամագնիսական ճառագայթման տեսանելի հատվածը՝ 391-ից մինչեւ 700 նանոմոտր երկարությամբ ալիքները: Ահա թե ինչու են գիտնականները պնդում, որ տեսանելի լույսից ավելի երկար ալիքի երկարություն ունեցող էլեկտրամագնիսական ճառագայթումը՝ ինֆրակարմիր լույսը, «անտեսանելի» է մարդու աչքի համար, հաղորդում է Medical Daily-ն:
Սակայն վերջերս Սենթ Լուիսում գործող Վաշինգթոնի համալսարանականները պարզել են, որ, չնայած նախկինում ընդունված համոզմունքներին, համապատասխան պայմանների առկայության դեպքում աչքն ի վիճակի է նաեւ ինֆրակարմիր լույսը տեսնել: Ուսումնասիրության ընթացքում հետազոտողները լազերային ինֆրակարմիր ճառագայթների կարճատեւ պուլսացող փնջեր են գցել աչքերի մեջ, ինչը «կրկնակի հարված» անվամբ է հայտնի եւ հետազոտվողին կանաչ լույսի բռնկումներ տեսնելու հնարավորություն է ընձեռում: Քանի որ ինֆրակարմիր լույսը ավելի քիչ էներգիա է պարունակում, քան տեսանելի սպեկտրում առկա գունավոր լույսերը, այն չի կարող աչքի ֆոտոընկալիչներն ակտիվացնել: Սակայն գիտնականները պարզել են, որ ինֆրակարմիր ճառագայթի ֆոտոնների՝ մեկը մյուսի հետեւից միեւնույն ընկալիչի վրա ընկնելու դեպքում տեսանելի լույսի մեկ ֆոտոնի համարժեք է ստեղծվում, ինչը եւ հետազոտողների նկարագրած կանաչ բռնկումն է:
«Եթե ցանացաթաղանթում առկա պիգմենտի մոլեկուլը անկանոն կերպով կրկնակի լուսավորվի 1000 նանոմետր ալիքի երկարություն ունեցող ֆոտոններով, ապա լույսի մասնիկները կբերեն այնքան էներգիայի, որքան 500 նմ ալիքի երկարություն ունեցող ֆոտոնով արդեն տեսանելի սպեկտրի տիրույթում գտնվող եզակի լուսավորումն է կազմում», - մեկնաբանել է հետազատության գլխավոր հեղինակ, Վաշինգթոնի համալսարանին կից գործող բժշկական դպրոցի պրոֆեսոր Վլադիմիր Կեֆալովը:
Աչքի կողմից ինֆրակարմիր լույսի ընկալման հանգամանքը ճիշտ ըմբռնելու համար բազմաթիվ հետազոտություններ կարող են անհրաժեշտ լինել: Կեֆալովն խոսքով, ներկայումս ջանքեր են գործադրվում՝ ոչ միայն աչքը հետազոտելու, այլ նաեւ դրա նորմալ գործառնականության ստուգման նպատակով ցանցաթաղանթի որոշակի հատվածներ գրգռելու հնարավորություն ընձեռող միջոցի հայտնաբերման ուղղությամբ: Գիտնականները հուսով են, որ բացահայտումն ի վերջո որոշակի գործնական կիրառության կարող է հանգեցնել:
Ինքնաբուժման կարողություն
Աչքերն ինքնաբուժվելու կարողություն եւ եղջերաթաղանթի վնասումից հետո՝ 48 ժամվա ընթացքում ամբողջությամբ ինքնավերականգնվելու հնարավորություն ունեն: Եղջերաթաղանթը պաշտպանիչ շերտի դեր է կատարում՝ ծածկելով ծիածանաթաղանթը եւ բիբը: Երբ այն խորը վնասման է ենթարկվում, ինչը կարող է եղջերաթաղանթի վարակման, էրոզիայի կամ սպիացման բերել, նույնիսկ առանց արտաքին միջամտության բավականին արագ ինքնաբուժվում է:
Ամենաակտիվ մկանները
Թեեւ մարմնի ամենաուժեղ մկանը սիրտն է համարվում, աչքերը նույնպես չափազանց ակտիվ են: Օրգանի արտաքին մկանները մշտական շարժման մեջ են գտնվում՝ երբ նայում ենք շուրջբոլորը, կամ հայացքը հեռվում գտնվող առարկաներին սեւեռում, եւ մշտապես վերադիքավորվում են, երբ գլուխը շարժվում է: Մեկժամյա ընթերցանության ընթացքում աչքերն ավելի քան 10 000 կոորդինացված շարժումներ են կատարում: Շարժումները կրկնելու ունակությունը նույնպես շատ լավ է զարգացած: Կարելի է տեսողական վարժություններ կատարել՝ աչքերի շարժումներն ավելի սահուն դարձնելու եւ մկանների լարվածությունը թուլացնելու համար:
Մեր ոսպնյակն ավելի արագ է, քան տեսախցիկներինը
Բբի հետեւում գտնվում է ոսպնյակը, որը, հեռավորությունից կախված, տեսախցիկի ոսպնյակի նման կարող է փոխել ֆոկուսը՝ երբ մոտիկ կամ հեռվում գտնող առարկաների ենք նայում: Դա մի ակնթարթում է տեղի ունենում, մինչդեռ տեսախցիկի ոսպնյակին ֆոկուսավորման համար ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ: Սա թույլ է տալիս մեզ արագ նայել՝ ուր ուզում ենք՝ առանց անհանգստանալու՝ պղտոր եւ մշուշոտ պատկեր տեսնելու մասին: Աչքը նաեւ շատ լայն լուսային դինամիկ միջակայք ունի, որը փոփոխում է պայծառությունը՝ բբերը լայնացնելով եւ նեղացնելով: Հենց այդ կերպ էլ արեւն ու ողջ երկինքը միասին տեսնելու հնարավորությունից ենք օգտվում:
Ակնթարթ
Մարդը կարող է օրվա ընթացքում աչքեչը մինչեւ 15 000 անգամ թարթել, ինչը արթուն ժամանակահատվածի 10%-ն է կազմում: Մեր կոպերը չափազանց արագաշարժ են՝ թարթումը վայրկյանի մեկ երրորդականի ընթացքում է իրականացվում: Ու որքան էլ այն անօգուտ եւ ակամա թվա, թարթումը գրեթե նույն գործառույթն է իրականացնում, ինչ ավտոմեքենայի դիմապակու մաքրիչը՝ ամեն անգամ մաքրում է աչքի մակերեսը՝ փոշուց եւ այլ մասնիկներից:
Բայց թարթման իմաստը միայն դրանով չի սահմանափակվում: Proceedings of National Academy of Sciences ամսագրում նկարագրություն գտած հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ մեր թարթումներն անկանոն չեն տեղի ունենում: Փաստացի, դրանք կանխատեսելի պահերի, օրինակ՝ նախադասության վերջնամասն ընթերցելիս կամ որեւէ մեկի խոսքի ընդմիջման ժամանակ են նկատվում: Սա թույլ է տալիս հետազոտողներին ենթադրելու, որ թարթումը, բացի մաքրման ֆիզիկական անհրաժեշտություն լինելուց, նաեւ որոշակի մտավոր միջոց է՝ մտքերը մաքրելու եւ ուշադրությունն առավել կենտրոնացնելու համար:
Բուժում ենք տեսողության կույր բծերը
Եթե առկա է այնպիսի տեսողական խնդիր, ինչպիսին գլաուկոման է, աչքերն ավելի ինտենսիվ են աշխատում՝ տեսողության կույր բծերի էֆեկտը փոխհատուցելու համար: Եթե մի աչքը տեսողական խնդիրներ ունի, ապա մյուսն ավելի շատ է աշխատում՝ տեսադաշտի թերությունները լրացնելու համար: Ասվածը նաեւ այն դեպքի համար է ճիշտ, երբ աչքերից մեկը հեռատես է, մյուսը՝ կարճատես: Ասել է, թե՝ մի աչքը մյուսի թերությունները լրացնելու կարողություն ունի, ինչի շնորհիվ տեսողությունն էլ ավելի ճկուն եւ արդյունավետ է դառնում:






