Բժիշկները հավատում են, որ դեղամիջոցը կարող է վերադարձնել շարժվելու ունակությունը միլիոնավոր մարդկանց, ովքեր կորցրել են այն վթարի կամ վայր ընկնելու հետեւանքով:
Ողնուղեղի խիստ վնասվածքով առնետների նկատմամբ փորձարկման ընթացքում դեղամիջոցը աննախադեպ արդյունքներ է ցույց տվել: Որոշ` հազիվ քայլելու ունակ կրծողներ դրա օգնությամբ առողջների նման քայլելու հնարավորություն են ձեռք բերել: Բացի այդ, նրանք ավելի աշխույժ են դարձել, ինչպես նաեւ կենդանիներից միզապարկի մկանների կառավարումն է վերականգնվել, տեղեկացնում է The Daily Mail-ը:
Nature ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը մասնակի հովանավորությունը ԱՄՆ կառավարության առողջության հետազոտման բաժինը եւ առողջապահության ազգային ինստիտուտներն են ստանձնել:
Քեյս Վեսթերն Ռեզերվ համալսարանի նյարդաբանության պրոֆեսոր, հետազոտող Ջերրի Սիլվերը վերականգնման գործընթացն աննախադեպ է գնահատել: Նրա հաղորդմամբ, 21 կենդանիներից յուրաքանչյուրի մոտ որեւէ գործառույցի վերականգնում է դիտվել:
«Այսօր ցանկացած ողնուղեղի վնասվածքով հիվանդի համար գործառույթներից նույնիսկ մեկի վերականգնումը որպես արտառոց երեւույթ կարող է դիտվել: Մինչդեռ ողնուղեղի վնասվածքով միլիոնավոր հիվանդներ մի օր հնարավորություն կունենան վերականգնելու շարժունակությունը», - նշել է փորձագետը:
Լին Ջակմենը՝ ԱՄՆ կառավարությանը կից գործող առողջության հետազոտման բաժնից, հիշեցրել է, որ ներկայումս հայտնի չեն ողնուղեղի վնասվածքով հիվանդների համար նախատեսված դեղորայքային բուժման այնպիսի միջոցներ, որոնք բնական ապաքինման՝ չափազանց դանդաղ ընթացող գործընթացն արագացնելու ներուժ ունեն:
Ամեն տարի աշխարհի հազարավոր բնակիչներ, ճանապահատրանսպորտային պատահարների արդյունքում ողնաշարը վնասելով, կորցնում են քայլելու ունակությունը՝ կտրելով կենսական կարեւոր ազդակների ուղին՝ գլխուղեղի եւ ոտքերի միջեւ:
Շատերն էլ այլ՝ տարատեսակ բնույթի վնասվածքների հետեւանքով են կաթվածահար վիճակում հայտնվում:
Բազմաթիվ մարդիկ սկզբնական շրջանում աննշան փոփոխություններ են նկատում իրենց վիճակի մեջ, սակայն մեծամասնության մոտ հաշմանդամությունը չի վերանում:
Առավել ծանր վնասվածքներ ունեցողները կորցնում են բոլոր վերջույթները շարժելու ունակությունը եւ կարողանում են միայն արհեստական շնչառության սարքի օգնությամբ շնչել:
Նոր դեղամիջոցը, որը միջբջջային սիգմա պեպտիդ (ISP) անվամբ է հայտնի, վնասված նյարդային բջիջներին վերականգնվելու հնարավորություն է ընձեռում՝ միջոցներ ստեղծելով կենսական կարեւոր ազդակների՝ մկաններին հասցման համար:
Երբ ազդակները փորձում են վնասված ողնուղեղով փոխանցվել, նրանց ուղին «սոսնձանման» քիմիական նյութերով է խոչընդոտվում: ISP-ի օրական ներարկումը չեզոքացնելու է գալիս դրանց՝ թույլ տալով, որ նյարդերը վերականգնվեն:
Ողնուղեղի խիստ վնասմամբ առնետներին 7 շաբաթների ընթացքում դեղամիջոցի ամենօրյա ներարկում է կատարվել՝ հետեւելով նրանց քայլելու, հավասարակշռության եւ միզապարկի մկանները կառավարելու ունակություններին:
Զարմանալիորեն որոշ առնետների մոտ բոլոր 3 ունակությունների բարելավում է նկատվել:
«Սա չափազանց խոստումնալից է: Այժմ առկա է միջոց, որը կարող է, միայնակ կամ այլ բուժումների հետ համակցված, շատերի կյանքերը բարելավել: Հետագա հետազոտություններով պարզելու ենք, թե ինչու է դեղամիջոցն ընտրանքային ազդեցություն թողնում՝ կենդանիների վրա», - խոստացել է դոկտոր Սիլվերը:
ISP-ը նաեւ հյուսվածքների խիստ՝ չվերականգնվող վնասումով ընթացող այլ բարդությունների, մասնավորապես սրտային նոպաների հետեւանքները վերացնելու տեսանկյունից է փորձարկվել:






