Տիկնայք եւ պարոնայք, մի կողմ դրեք տեխնոլոգիաները եւ ավելի հաճախ սեքսով զբաղվեք:

Վերը բերված խորհրդով հանդես եկող գիտնականները պարզել են, որ հեռախոսներն ու պլանշետներն այլեւս այնքան են մարդկանց ուշադրությունը զբաղեցնում, որ սիրային կյանքին ժամանակ չի մնում, հաղորդում է The Daily Mail-ը:

Հետազոտությամբ պարզվել է, որ կանանց 70 տոկոսի պարագայում սմարթֆոններին հաջողվում է ռոմանտիկ հարաբերություններին միջամտել:

«Նույնիսկ ռեստորանում զույգերն իրենց հեռախոսները սեղանին են թողնում՝ զանգի դեպքում անմիջապես հասանելի լինելու համար», - նշել է հետազոտության հեղինակ, հոգեբան Սառա Կոյնեն՝ Բրայամ Յանգի համալսարանից:

Գիտնականները հարցախույզ են կազմակերպել՝ բջջային հեռախոսի, հեռուստացույցի, համակարգչի եւ պլանշետի կիրառության շուրջ՝ 143 ամուսնացած կամ զուգընկերոջ հետ ապրող հետերոսեռական կանանց շրջանում: Ընդ որում, հարցերը նաեւ զուգընկերոջ «տեխնոլոգիական» սովորույթներին, դրանց շուրջ անհամաձայնության առկայությանը, ինչպես նաեւ հարաբերություններից ու կյանքից բավարարվածությանն են վերաբերել:

Մասնակիցները նշել են, որ ռոմանտիկ հարաբերություններին առավել հաճախ համակարգիչն է միջամտում, այնուհետեւ էլ՝ բջջայինը:  Հարցվածները նաեւ ներկայացված՝ միջամտության սցենարներից ամենատարածվածն են ընտրել՝ նշելով, որ խոսքը ընտանեկան ժամանցի պահին հեռախոսազանգին պատասխանելու «անհրաժեշտությանն» է վերաբերում, ինչը 62 տոկոս դեպքերում օրական առնվազն մեկ անգամ տեղի ունենալու միտում ունի:

Հարաբերությունների փորձագետ Ալիսոն Բրուզեկի ներկայացմամբ, կանանց 40 տոկոսը բողոքել են, որ զուգընկերները օրական առնվազն մեկ անգամ ուշադրությունը զրույցից դեպի հեռուստացույցն են շեղում: 30 տոկոս դեպքերում էլ զրույցի կամ ընտանեկան ընթրիքի ընթացքում բջջայինը կարող է միջամտել: Ամենավատը 15 տոկոս կանանց գործերն են, որոնց զուգընկերները «համարձակվում» են դեմ-առ-դեմ զրույցի ընթացքում հաղորդագրություն ուղարկել երրորդ անձի:

Կանանց մեծ մասը համամիտ են տեսակետի հետ, թե տեխնոլոգիան հարաբերությունների փչացման, արդյունքում էլ՝ կյանքից բավարարվածության մակարդակի նվազեցման է հանգեցնում:

Այդուհանդերձ, հետազոտությունը սահմանափակ թվով կանանց շրջանում է իրականացվել, իսկ առկա կոռելյացիոն կապն էլ կարող է մարդու բարեկեցության վրա անդրադարձող այլ գործոնների արդյունքը լինել:

Գիտնականների վերապահմամբ, ասվածից չի բխում, թե տեխնոլոգիաները հարաբերություններից լիովին բացառման կարիք ունեն:

«Զույգերը կարող են փոխհամաձայնեցված կանոններ մշակել՝ դրա կիրառման շուրջ: Օրինակ՝ հեռախոսը կարելի է տեսադաշտից հեռու՝ սառնարանի վրա թողնել՝ գայթակղությունից հեռու մնալու համար», - նշել է դոկտոր Կոյնեն:

Հետազոտության արդյունքները Psychology of Popular Media Culture ամսագրում են հրապարակվել: