Չինաստանի իշխանությունները խոստացել են գալիք տարվանից վերջ դնել մահապատժի ենթարկված անձանց օրգանների՝ տրանսպլանտացոն նպատակով կիրառությանը՝ ի հետեւանք երկարատեւ՝ մարդու իրավունքների պահպանությամբ զբաղվող կազմակերպություններն կողմից հնչեցվող քննադատությունների: Փոփոխությունն, արդյուհանդերձ, անորոշություն է ենթադրում փոխպատվաստման կարիք ունեցող չինացի հիվանդների համար, հաղորդում է The Wall Street Journal-ը:

Բարեփոխումը 2015թ.-ին հունվարի 1-ից է ուժի մեջ մտնելու: Մինչդեռ խոստումները՝ ծրագրի դադարեցման եւ օրգանի դոնորների ազգային համակարգի ստեղծման շուրջ, պաշտոնական Պեկինն առաջին անգամ դեռեւս գրեթե 3 տարի առաջ է բարձրաձայնել: Թեեւ այստեղ էլ օրգանի նվիրաբերումը՝ առանց դոնորի կամ նրա ընտանիքի անդամների համաձայնության արգելված է համարվում, քննադատները նշում են, որ մահապատժի ենթարկվածների հարազատները հաճախ ճնշումների են ենթարկվում՝ անհրաժեշտ փաստաթուղթը ստորագրելու համար:

Երկրի իշխանությունները դեռեւս չեն մանրամասնել, թե կոնկրետ ինչպիսի փոփոխություններ է բարեփոխումը ենթադրում: Երկար տարիներ այստեղ տրանսպլանտացիայի կարիք ունեցող քաղաքացիներին մահապատժի ենթարկվածների օրգաններն էին օգնության հասմնում: Ներկայումս կիրառության հանձնված օրգանների 65 տոկոսը մահացած մարդկանցից, 90  տոկոս դեպքերում՝ մահապատժի ենթարկված բանտարկյալներից են ստացվել: Ընդհանրապես, Չինաստանը միակ երկիրն է աշխարհում, որտեղ մահապատժի ենթարկված անձանց օրգանների սիստեմատիկ կիրառություն է ընթանում: Ավանդական դավանանքի պատճառով եւ բժշկական համակարգի նկատմամբ անվստահության առկայության արդյունքում ՉԺԴՀ-ում օրգանների նվիրաբերման կամավոր համակարգ գրեթե չի գործում, մինչդեռ ներկայումս էլ պահանջարկը գերազանցում է առաջարկին:

Ընթացիկ տարվա մայիս ամսին China Youth Daily պարբերականի եւ qq.com կայքի նախաձեռնությամբ ավելի քան 40 հազար երիտասարդների շրջանում իրականացված առցանց հարցման արդյունքները ցույց են տվել, որ անվազն 50 տոկոս դեպքերում օրգանի դոնոր լինելուց առաջարկը մերժման կարող է հանդիպել: 2012թ.-ին իրականացված մեկ այլ հետազոտության արդյունքների համաձայն էլ չինացիների 66 տոկոսը չեն ցանկանում դոնոր լինել: 

Չինաստանում տարեկան շուրջ 10 հազար տրանսպլանտացիոն վիրահատություններ են իրականացվում, մինչդեռ օրգանի անհետաձգելի փոխպատվաստման կարիք ունեցողների թիվը 300 հազարի է հասնում:

Միացյալ Նահանգներում ներկայումս ընդամենը 124 հազար քաղաքացիներ օրգանի փոխպատվաստման կարիք ունեն, որոնցից 79 հազարի դեպքում ակտիվ որոնումներ են ընթանում: Օգոստոս ամսվա դրությամբ, այս տարի արդեն 19 հազար վիրահատություններ են իրականացվել: