Այսօր բազմաթիվ մարդիկ այլ երկրներ են մեկնում՝ աշխատելու եւ գումար վաստակելու: Տոն օրերին աշխատանքային միգրանտներն ընտանիք են վերադառնում՝ երբեմն գումարի եւ նվերների հետ միասին իրենց հետ մի շարք սեռավարակներ բերելով:
Սեռավարակաբան Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով՝ Ռուսաստանում սեռավարակների տարածվածությունը բավական բարձր է եւ այնտեղ վարակվելու հավանականությունը բավական մեծ է: Օրինակ, սիֆիլիս Հայաստանում տարեկան մոտ 55 մարդու մոտ է ախտորոշվում, իսկ Ռուսաստանում այս հիվանդությունը հանդիպում է 100 000 մարդուց շուրջ 100-ի մոտ: ՄԻԱՎ-ը, գոնորեան եւ մի շարք այլ հիվանդություններն այնտեղ նույնպես շատ տարածված են՝ մանավանդ՝ Կալինինգրադի մարզում: Քանի որ միգրանտներից շատերը հենց Ռուսաստան են գնում, նրանց որոշ մասը վեռադառնում է սեռավարակով կամ նույնիսկ մի քանի վարակներով:
Հայաստանից Ռուսաստան մեկնող աշխատանքային միգրանտները, որոնք նախկինում ռեգուլյար սեռական կապեր էր ունենում, իրենց նոր բնակավայրում էլ են զուգընկերներ փնտրում եւ չպաշտպանված սեռական հարաբերություններ են ունենում՝ չգիտակցելով, թե որքան վտանգավոր է դա: Վարակվելով՝ նրանք վերադառնում են Հայաստան եւ վարակում են իրենց կանանց:
Սեռավարակաբան Հովհաննես Հովհաննիսյանը խորհուրդ է տալիս բոլոր աշխատանքային միգրանտներին (եթե, իհարկե, նրանք չպաշտպանված սեռական հարաբերություններ են ունեցել) Հայաստան վերադառնալուց հետո ստուգվել եւ հերքել սեռավարակների առկայությունը, ապա նոր սեռական կապեր ունենալ: Հետազոտությունները անհամեմատ ավելի էժան են, քան երկու զուգընկերների բուժվելը, հիշեցնում է մասնագետը:
Սակայն երբեմն ամեն ինչ այդքան հեշտ չէ. կան վարակներ, որոնք հնարավոր է հայտնաբերել վարակվելուց մի քանի ամիս անց: Այդ վարակների թվում են, օրինակ, ՄԻԱՎ-վարակը եւ հեպատիտները: Դրանց տարածումից եւ դրանցով՝ ընտանիքի անդամներին վարակելուց խուսափելու համար ցանկալի է տանը պահպանակ օգտագործել՝ մինչեւ հիվանդությունները չհերքվեն:
Իսկ էլ ավելի տրամաբանական եւ ճիշտ է, իհարկե, պահպանակ օգտագործել պատահական սեռական կապերի ժամանակ, մանավանդ եթե դրանք տեղի են ունենում այնպիսի երկրում, որտեղ սեռավարակները մեծ տարածում ունեն: Համաձայնվեք՝ սեռավարակը այնքան էլ լավ Նոր Տարվա նվեր չէ:






