Հնդկաստանում ձերբակալվել է ակնաբուժական հիվանդանոցի տնօրենը, որտեղ մի քանի տասնյակ մարդ կուրացել է աչքի վիրահատությունից հետո։ Ենթադրվում է, որ հիվանդներին վիրահատության ժամանակ վարակ է փոխանցվել։

Հիշեցնենք, որ Հնդկաստանի Փենջաբ նահանգում՝ ակնավիրաբուժական շարժական կլինիկայում իրականացված աչքի զանգվածային վիրահատությունների արդյունքում նվազագույնը 60 մարդ է կուրացել:

Միջադեպը Գուրդասպուր շրջանի Գուման գյուղում է տեղի ունեցել, որտեղ, Times of India պարբերականի հաղորդմամբ, կատարախտի բուժմամբ զբաղվող հասարակական կազմակերպություններից մեկի ջանքերով, շարժական կլինիկա է կազմակերպվել:

Արմրիտսարի վարչակազմի ներկայացուցիչ Ռավի Բհագատը հայտարարել է, որ կլինիկայում իրականացված վիրահատության արդյունքում տեսողությունից զրկված 16 անձինք քաղաքային հիվանդանոց են տեղափոխվել՝ հավելելով, որ տուժածների ընդհանուր թիվը 60-ի է հասնում: Բժիշկների փոխանցմամբ, տուժածների մոտ տեսողության կորուստն անդառնալի է, իսկ վիրահատությունը «սարսափելի հակասանիտարական պայմաններում» են իրականացվել:

Տեղեկություններ կան նաեւ այն մասին, որ շարժական կլինիկայի աշխատանքները կազմակերպած ընկերությունը դրա թույլտվությունը չի ունեցել: