Ճապոնիայում երեխա է ծնվել՝ մոր՝ 13 տարի առաջ սառեցված ձվաբջջից: Վերջինիս մոտ 2001թ.-ին՝ դեռեւս դպրոցի ավագ դասարաններում սովորելու տարիներին, օնկոլոգիական հիվանդություն՝ լիմֆոմա էր հայտնաբերվել: Բժիշկները զգուշացրել էին աղջկան եւ նրա ծնողներին, որ բուժման կողմնակի ազդեցություններից մեկը անպտղությունը կարող է դառնալ: Ուստի նախքան թերապիայի մեկնարկը երկու առողջ ձվաբջիջներ վերցնելու եւ սառեցնելու մասին որոշում էր կայացվել:
Բուժումը հաջող էր անցել՝ աղջիկը նորմալ կյանքի էր վերադարձել, իսկ անցյալ տարի էլ՝ ամուսնացել: Այնուհետեւ սառեցված ձվաբջիջներից մեկը «անոթում» արտամարմնային բեղմնավորման էր ենթարկվել եւ մոր արգանդի մեջ ներպատվաստվել: Ընթացիկ տարվա օգոստոս ամսին էլ ավելի քան 3 կգ քաշով առողջ փոքրիկն էր լույս աշխարհ եկել:
Չնայած արհեստական բեղմնավորման ոլորտում առկա առաջընթացին, երեխայի ծնվելը՝ ավելի քան 10 տարի սառեցված վիճակում գտնված ձվաբջջից, հազվադեպ երեւույթ է՝ Ճապոնիայի համար:
Ամուսնական տարիքի կտրուկ հետաձգման եւ արդյունքում էլ՝ մանկածնության ուշացման հետեւանքով ձվաբջիջների սառեցման պրակտիկան հարաճուն հեղինակութուն է ձեռք բերում երիտասարդ ճապոնուհիների շրջանում: Երիտասարդ տարիքում ձվաբջիջները սառեցնելով, նրանց մի քանի տարի եւ նույնիսկ տասնամյակ կարիերային, հոբբիին, գիտական աշխատանքին կամ ճանապարհորդություններ նվիրելու հնարավորություն են ձեռք բերում, հաղորդում է ՌԻԱ-Նովոստին՝ «Իոմիուրի» պարբերականին վկայակոչմամբ: Իսկ այնուհետեւ էլ, երբ բոլոր հավակնությունները բավարարվում են, կարելի է առանց անպտղության ռիսկի նաեւ երեխա լույս աշխարհ բերելու մասին մտածել: Հոռետեսների դիտարկմամբ, նման պրակտիկան կարող է մանկածնության էլ ավելի ուշացման հանգեցնել:






