Հետազոտությամբ պարզվել է, որ հղիության շրջանում ի հայտ եկող մահացու վտանգավոր բարդությունը կարելի է փոքր փուչիկների գործածություն ենթադրող պրոցեդուրայի օգնությամբ հաղթահարել:

Ընկերքի՝ առատ արյունահոսությամբ բնորոշվող առաջադրմամբ եւ սերտաճմամբ ախտորոշված կանանց արգանդը սնուցող զարկերակներում փուչիկի տեղակայումը կարող է արյունահոսության դադարեցման հանգեցնել եւ բազմաթիվ դեպքերում ճարահատկալ արգանդազերծումից զերծ պահել: Հետազոտության արդյունքները Հյուսիսային Ամերիկայի ռադիոլոգների ընկերակցության՝ Չիկագոյում կայացած համաժողովին են ներկայացվել, հաղորդում է FoxNews-ը:

«Մենք պարզել ենք, որ առաջարկվող պրոցեդուրան անվտանգ է թե մոր, եւ թե երեխայի համար», - նշել է հետազոտության հեղինակ դոկտոր Պատրիկ Նիկոլսոնը՝ Իռլանդիայում գործող Քորքի համալսարանական հիվանդանոցից:

Ընկերքի առաջադրումն ու սերտաճումը ողջ աշխարհում ծննդկանի մահացության գլխավոր պատճառներն են հանդիսանում: Ընկերքի առաջադրման դեպքում դրա՝ պտուղը սնուցող հյուսվածքները այնքան խորն են կնոջ արգանդի մեջ, որոշ՝ առավել ծանր դեպքերում էլ՝ շրջակա օրգանների, մասնավորապես՝ միզապարկի մեջ ներթափանցում, որ ծննդաբերելիս ի վիճակի չեն արգանդի պատերից պոկվել:

Ընկերքի սերտաճման պարագայում արգանդի վզիկի մասնակի կամ ամբողջական փակում է նկատվում: Ծննդաբերության ընթացքում պտղի կողմից խիտ արյունատար անոթներով աչքի ընկնող ընկերքի վնասումը կարող է առատ արյունահոսություն առաջացնել:

Բժիշկների համար դեռեւս պարզ չէ, թե ինչու են վերը նկարագրված բարդություններն ի հայտ գալիս, թեեւ վարկած կա, որ ընկերքի՝ արգանդին միակցման եղանակի տարբերությունները վերջինիս հյուսվածքներով են պայմանավորվում: Խանգարումների նկատմամբ խոցելի են հատկապես այն կանայք, որոնք մեկ եւ ավելի անգամ կեսարյան հատման կամ արգանդի վիրահատության են ենթարկվել, վերարտադրողական տարիքի ավարտին են մոտենում կամ էլ արտամարմնային բեղմնավորման միջոցով են հղիացել:

Թեեւ ընկերքի առաջադրումը 500 հղիությունների մեկի դեպքում կարող է ի հայտ գալ, իսկ սերտաճումը՝ յուրաքանչյուր 200-րդում, Մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ամերիկյան քոլեջը ներկայացնող գիտնականների հավաստմամբ, բարդությունների առաջացման հաճախականություն ավելանալու միտում ունի:

Ընկերքի առաջադրումն ու սերտաճումը, որպես կանոն, պտղի հերթական ուլտրաձայնային հետազոտության ընթացքում են բացահայտվում, որից անմիջապես հետո ծննդաբերության՝ կեսարյան հատում ներառող բծախնդիր պլան է մշակվում: Այդուհանդերձ, նույնիսկ ամենազարգացած երկրներում ոչ բոլոր կանանց է հաջողվում, անգամ լավագույն խնամքի առկայության պայմաններում, բարդությունը հաղթահարել: Որոշ դեպքերում էլ, արյունահոսությունը դադարեցնելու նպատակով, ճարահատյալ արգանդազերծման վերաբերյալ որոշում է կայացվում:

Դոկտոր Նիկոլսոնի գլխավորությամբ գործող գիտնականները բարդությունների՝ առանց արգանդին վնաս հասցնելու հաղթահարման եղանակի բացահայտմանը միտված հետազոտություն են նախաձեռնել՝ 31 կանանց շրջանում, որոնցից 22-ը ընկերքի սերտաճում եւ 9-ը՝ առաջադրում են ունեցել: Գիտահետազոտական խմբի անդամները փոքրիկ փուչիկներ են տեղակայել՝ կանանց արգանդը սնուցող զարկերակների մեջ՝ առատ արյունահոսության առաջին իսկ նշանի դեպքում դրանք փչելու եւ զարկերակներով արյան հոսքը դադարեցնելու նպատակով: 

Կեսարյան հատման ընթացքում ընկերքի սերտաճմամբ եւ առաջադրմամբ ախտորոշված հիվանդներից համապատասխանաբար 7-ի եւ 6-ի մոտ առատ արյունահոսություն է արձանագրվել, որից անմիջապես հետո փուչիկները փչվել են:

11 դեպքերում դրանց հաջողվել է արյան հոսքը բավականաչափ երկար ժամանակով դադարեցնել, որի ընթացքում բժիշկները գտել են արյունահոսության՝ արգանդում առկա փոքրիկ աղբյուրներն ու կարել դրանք:

Ընկերքի առաջադրմամբ դեպքերից երկուսի պարագայում պրոցեդուրան չի օգնել, ինչի արդյունքում արգանդի հեռացում է նախաձեռնվել: Որեւէ այլ բարդություններ, մասնավորապես՝ ինֆեկցիաներ, կանանց մոտ ի հայտ չեն եկել:

«Բարեբախտաբար, բոլոր երեխաներն առողջ՝ առանց բարդության հետ կապված խնդիրների են ծնվել», - տեղեկացրել է դոկտոր Նիկոլսանը:

Թեեւ փուչիկի կիրառման գաղափարն առաջին անգամ 1990-ական թվականներին է նկարագրվել, նախընթաց հետազոտությունների արդյունքները դրա հետեւանքով բարդությունների առաջացման բարձր հավանականության մասին են վկայել: Մինչդեռ ներկայումս արդեն ապացույցներ կան առ այն, որ առաջարկվող պրոցեդուրան միանգամայն անվտանգ է:

Վիրաբուժական միջամտությունն, այդուհանդերձ, չափազանց հմուտ եւ արհեստավարժ մասնագետների առկայություն է պահանջում, ուստի ոչ բոլոր հիվանդանոցները կարող են այն իրականացնել: