Սեռական ի՞նչ խնդիրներ են տարաշված հայ կանանց շրջանում։ Ի՞նչ հարցերով են կանայք սեքսապաթոլոգների օգնությանը դիմում։ Այս հարցերի շուրջ NEWS.am Medicine-ի թղթակիցը սեքսապաթոլոգ Ռուզաննա Ազատյանի հետ է զրուցել։

Պարզվում է, հայ կանանց շրջանում առավել տարածված խնդիրներն են վագինիզմը, անօրգազմիան եւ սեռական ցանկության պակասը կամ բացակայությունը։

Վագինիզմ (նաեւ ցավ սեռական ակտի ժամանակ)

Վագինիզմն աշխարհում ամենատարածված սեռական խանգարումներից մեկն է, որը բնութագրվում է սեռական ակտն անհնար դարձնող՝ հեշտոցի մկանների ակամա կծկումով. այս խնդրով, տարբեր գնահատականներով, տառապում է կանանց մոտ 5-10 տոկոսը: Վագինիզմով կարող են տառապել տարբեր տարիքի կանայք, եւ հիվանդության պատճառները նույնպես կարող են շատ տարբեր լինել՝ ապատեղեկատվությունից մինչեւ բռնության հետեւանքով առաջացած վախերը։

Վագինիզմը սովորաբար լուծվող խնդիր է, այդ իսկ պատճառով, դրա առկայության դեպքում խորհուրդ է տրվում մասնագետի դիմել, որպեսզի այն չշարունակի զույգի սեռական կյանքին խանգարել։

Անօրգազմիա 

Անօրգազմիան՝ սեռական ակտի ժամանակ հեշտանքի բացակայությունը, նույնպես բավական տարածված խնդիր է ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում։ Կանանց մեծամասնությունը սեռական կյանքի սկզբում հեշտանք չի ապրում, սակայն եթե այս երեւույթը երկար է շարունակվում, հնարավոր է, որ կա խնդիր, որի լուծման մեծ մասնագետի օգնությունն է հարկավոր:

Սեռական ցանկության պակաս կամ բացակայություն

Սեռական ցանկության պակասի կամ ընդհանրապես բացակայության խնդիրը նույնպես բավական տարածված է եւ կարող է մի շարք այլ խնդիրների հետ կապված լինել՝ ինչպես հոգեբանական, այնպես էլ ֆիզիկական: Բավական տարածված պատճառներ են սթրեսները, հոգնածությունը, հորմոնալ խախտումները, որոշակի դեղամիջոցների ընդունումը եւ նախկինում ձեռք բերած վախերը:

Ի դեպ, հետաքրքիր է, որ այս խնդիրների մի մասը նաեւ տղամարդկանց շրջանում է տարածված: