Ի՞նչ է նշանակում՝ «տղամարդկային սնունդ»: Ուժեղ սեռի ներկայացուցիչների համար նախընտրելի սննդատեսակների մի մասը, օրինակ՝ նրբերշիկն ու տապակած կարտոֆիլը, այնքան էլ օգտակար չեն իրանի շրջագծի ու սրտի համար եւ դժվար թե երեկոյան խաղաղ տրամադրությամբ անկողին ուղարկեն տղամարդուն: Իրականում «տղամարդկային» պետք է համարվեն այն ուտեստները, որոնք էներգիա եւ սեռական «դրայվ» խթանելու հատկություն ունեն: Հանգիստ եղեք, խոսքը բոլորովին էլ միայն բուսական ծագմամբ սննդատեսակների մասին չէ: Տղամարդկանց նախընտրությունը վայելող բազմաթիվ սննդամթերքներ իրականում օգտակար են առողջության համար: Առաջարկում ենք ստորեւ բերված ցանկն ընթերցել, որի բաղադրիչների շնորհիվ էներգիայով լի եւ առողջ մնալու հնարավորություն կունենաք՝ թե կյանքում, եւ թե անկողնում:

Ոստրե. տղամարդիկ դարեր շարունակ ըստ արժանվույն են ոստրեի՝ սեռական ակտիվություն խթանելու կարողությունները գնահատել: Օրական դրանցից մի քանիսն ուտելով (որոշ տղամարդիկ նախապատվությունը միգուցե նաեւ հում վիճակին տան), կարելի է օրգանիզմում տեղի ունեցող բազմաթիվ գործընթացների՝ բջիջների վերանորոգումից մինչեւ ԴՆԹ-ի սինթեզին մասնակցող հակաօքսիդանտ միներալներից մեկի՝ ցինկի հսկայական պաշարներ ձեռք բերել (100մգ՝ 1 գրամում):  Հետազոտությամբ ապացուցվել է, որ ցինկը տեստոստերոնի արտադրության խթանման միջոցով լիբիդոյի աճ եւ շագանակագեղձի քաղցկեղից պաշտպանություն հաղորդելու ներուժ ունի, հաղորդում է NewsMax Health-ը:

Շոկոլադ. սիրահարվելիս օրգանիզմում արտազատվող՝ «սիրո դեղ» անվամբ հայտնի ֆենէթիլամինը շոկոլադի բաղադրիչներից մեկն է հանդիսանում: Այն իր բնույքով նման է ամֆետամիններին՝ կարող է տրամադրության աճ խթանել, սակայն կախվածություն չի առաջացնում: Ֆենէթիլամինն ուղեղի «հաճույքի կենտրոնն» ակտիվացնելու եւ «բարձր տրամադրության» հորմոնների՝ էնդորֆինների արտազատում խթանելու ներուժ ունի: Շոկոլադը մեկ այլ բաղադրիչի՝ ուղեղի՝ մարիխուանայի ազդեցությամբ խթանվող ռեցեպտորների վրա ներգործելու ունակ անադամիդի շնորհիվ նաեւ սթրեսը նվազեցնելու հատկություն է դրսեւորում: Բացի այդ, մուգ շոկոլադի՝ սրտի առողջությունը պահպանելու եւ հիշողությունը բարելավելու հատկությունը եւս ապացուցվել է:

Ձուկ. սառը ջրերում բնակվող ձկնատեսակների, մասնավորապես սաղմոնի, սկումբրիայի, սարդինաձկան եւ թյունոսի օրգանիզմում առկա օմեգա-3 ճարպաթթուները, արյան շրջանառության բարելավման եւ դրա բաղադրությունը կազմող ճարպերի մակարդակի նվազեցման շնորհիվ սրտի առողջության բարելավման կարող են հանգեցնել: Ձուկը նաեւ էրեկցիայի համար վճռորոշ դերակատարում ունեցող ազոտաթթվի արտադրություն խթանող՝ Լ-արգինին անվամբ հայտնի ամինաթթվի նշանակալի պաշար է պարունակում: Ի հավելումն, օմեգա-3-ը նաեւ ննջարանային «շփոթի» տրամադրություն ապահովող նյարդային փոխանցիչների մակարդակն ավելացնելու միտում ունի: Սրտաբանների ամերիկյան ասոցիացիան խորհուրդ է տալիս շաբաթական մի քանի անգամ խնդրո առարկա սննդատեսակից օգտվել:

Գինի. վերջերս Nutrition Journal ամսագրում նկարագրություն գտած հետազոտության արդյունքում վկայություններ են ձեռք բերվել առ այն, որ կարմիր գինու հզոր բաղադրիչներից մեկը՝ կվերցետին անվամբ հայտնի ֆլավոնոիդը արյան մեջ տեստոստերոնի մակարդակը բարձր պահելու հատկություն ունի: Սիեթլում գործող Ֆրեդ Հաչինսոնի օնկոլոգիական հետազոտական կենտրոնի գիտաշխատողները պարզել են, որ շաբաթական 4-7 բաժակ կարմիր գինի ըմպելով կարելի է շագանակագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկի՝ 52 տոկոսի չափով նվազեցման հասնել: Մի շարք այլ հետազոտությունների արդյունքում էլ ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ կարմիր գինին սրտի առողջությունը պահպանելու, կյանքի տեւողությունը երկարաձգելու եւ ուղեղն ինսուլտի ազդեցությունից պաշտպանելու ներուժ ունի:

Ձմերուկ. այս ամառային սննդատեսակը գլխավորապես C վիտամինով է հարուստ, ինչն էական նշանակությունի ունի՝ սերմահեղուկի որակի համար: Տեխասի համալսարանին կից գործող բժշկական դպրոցի գիտահետազոտական խմբերից մեկի նախաձեռնությամբ իրականացված հետազոտությամբ պարզվել է, որ ցածր որակի սերմնահեղուկ ունեցող տղամարդիկ օրական 200 միլիգրամ C վիտամինի բաղադրությամբ սննդակարգի անցման արդյունքում կարող են սպերմատոզոիդների քանակի եւ շարժունակության նշանակալի ավելացման հասնել: Ընդ որում, օրական հազար միլիգրամով ավելացման պարագայում փոփոխությունն առավել նկատելի է դառնում: Բացի այդ, ձմերուկը նաեւ Լ-ցիտրուլին անվամբ հայտնի ամինաթթվով է հարուստ. վերջինս մարդու օրգանիզմում արգինինի, այնուհետեւ էլ՝ ազոտաթթվի վերածվելու եւ վիագրայի՝ արյունատոր անոթների լարվածությունը թուլացնող հատկությունը կրկնօրինակելու ներուժ ունի: «Ձմերուկը կարող է ոչ միայն էրեկտիլ դիսֆունկցիայի բուժման, այլեւ՝ կանխարգելման միջոց ծառայել», - նշել է դոկտոր Բհիմու Փաթիլը՝ գիտահետազոտական խմբից:

Հատապտուղներ. բոլոր տեսակների հատապտուղները (ընդ որում, որքան մուգ եւ գունավոր՝ այնքան շատ) անտոցիանին անունը կրող առողջարար՝ ծերացման գործընթացը դանդաղեցնելու եւ ուղեղի առողջությունը պահպանելու հատկությամբ աչքի ընկնող ֆլավոնոիդն են պարունայում, ինչը նաեւ անկողնու համար է օգտակար: Ի հավելումն, հապալասը նաեւ, վիագրայի նմանությամբ, օրգանիզմում ազոտաթթվի մակարդակն ավելացնելու, արյունատար անոթների լարվածությունը թուլացնելու եւ արյան կայուն հոսք ապահովելու հնարավորություն է ընձեռում: 

Բանան. այս սննդատեսակն էլ տեստոստերոնի արտադրություն խթանող բրոմելաինի հարուստ պաշարով է աչքի ընկնում: Բացի այդ, բրոմելաինը նաեւ տղամարդու մոտ սեռական դիսֆունկցիայի հանգեցնող Պեյրոնիի հիվանդությունը բուժելու հատկություն ունի: Եվ ի վերջո, բանանը սեռական հորմոնների արտադրության համար վճռորոշ նշանակություն ունեցող կալիումի բարձր բաղադրություն է պարունակում:

Վերը բերված սննդատեսակները կարող եք նաեւ տղամարդկանց համար նախատեսված մուլտիվիտամիններով եւ ֆիզիկական վարժություններով «համեմել»: