ՀՀ առողջապահության նախարարության «Կոչումով բժիշկ» նախագիծն անդրադարձել է Հովհաննիսյանների բժշկական տոհմին: Հովհաննիսյանների ընտանիքը Հայաստանի բժշկական ամենամեծ գերդաստաններից մեկն է: Մեր երկրի առողջապահական համակարգի տարբեր ճյուղերի զարգացումը մեծապես կապված է նաեւ նշանավոր այս գերդաստանի անդամներից յուրաքանչյուրի անվան հետ:

Կոչումով բժիշկների այս ընտանիքի ամենաավագ ներկայացուցիչը Սուրեն Զաքարի Հովհաննիսյանն է: Անվանի վիրաբույժի կյանքի ու աշխատանքային գործունեության լավագույն ժամանակները նվիրվել են բժիշկների մասնագիտական պատրաստության ազնիվ գործին: Նա կրթել ու պրակտիկ աշխատանքի է գործուղել բժիշկների բազմաթիվ սերունդների:

«Դեռեւս մանկուց հիշում եմ՝ պատմում էին, որ պապիկիս հերթապահության ժամանակ հիվանդանոց են տեղափոխում սիրտը դանակահարած մի երիտասարդի, պապիկս նրան վիրահատում, փրկում է: Անցնում է 30, 40, 50 տարի, այդ ընտանիքը իր բժշկին չի մոռանում: Յուրաքանչյուր տարի` Ամանորի, առավոտյան 08:30-ին մեր տան դռան զանգն էր լսվում, այդ անձը գալիս էր՝ առաջինը շնորհավորելու իր կյանքը փրկած բժշկին: Հիմա արդեն նրա որդին է ամեն հունվարի մեկին այցելում մեզ: Ուզում եմ ընդգծել, որ բժիշկ-հիվանդ կապը հետագայում վերածվել է բարեկամական հարաբերության: Պապիկիս ապաքինած մարդկանցից շատերը դարձել են մեր ընտանիքի հարազատ անձինք, ընկերները: Հպարտ եմ, որ առաջին ուսումնական պրակտիկաս անցել եմ պապիկիս մոտ»,-բժշկական իրենց տոհմի պատմությունը ներկայացնում է երրորդ սերնդի ներկայացուցիչը` կրտսեր Սուրեն Հովհաննիսյանը: Հովհաննիսյան-Եղիկյան ընտանիքում բժշկագիտության տարբեր ոլորտներում հաջողությամբ գիտական եւ կլինիկական գործունեություն է ծավալել չորս սերունդ:

Նախագծի շրջանակում արդեն իսկ հանրության դատին են հանձվել Ֆանարջյանների, Սարուխանյանների, Անանիկյանների, Մինասյանների, Մալայանների, Զոհրաբյանների, Զիլֆյանների բժշկական գերդաստաններին նվիրված թողարկումները։