Տարածված կարծիք կա, թե ծննդաբերությունը ծերացնում է կնոջը, սակայն այս պատմության հերոսուհին հազվագյուտ հիվանդության պատճառով այնպիսի տեսք է ձեռք բերել՝ որդուն լույս աշխարհ բերելուց հետո, որ հիմա կարծես նրա տատիկը լինի, հաղորդում է FoxNews-ը:
Հու Ջուանը՝ Չինաստանի Հենան քաղաքից, 2003թ.-ին է որդուն կյանք պարգեւել, որից անմիջապես հետո կնոջ երիտասարդ տեսքի կտրուկ աղճատումներ են սկսվել: Բժիշկները նրա մոտ դերմատոլիզ անունը կրող խիստ հազվադեպ՝ շարակցական հյուսվածքների խանգարմամբ բնորոշվող հիվանդությունն են ախտորոշել, ինչի արդյունքում մարդու մաշկը սկսում է կորցնել առաձգականությունը եւ կախվել: Այս խանգարմամբ տառապողներն իրականից անհամեմատ բարձր տարիքի համապատասխան տեսք են ձեռք բերում:
Բացի վերը հիշատակվածից, Հու-ն որեւէ այլ առողջական խնդիր չունի:
ԱՄՆ առողջապահության ազգային ինստիտուտների հաղորդմամբ, ողջ աշխարհում խնդրո առարկա գենետիկ հիվանդությամբ ախտահարումը շուրջ 200 ընտանիքների է բաժին հասել: Խանգարման պատճառը օրգանիզմում առկա շարակցական հյուսվածքներին ուժ եւ ճկունություն հաղորդող բջջանյութերի ձեւավորման եւ գործառնականության համար պատասխանատու գեների մուտացիան է հանդիսանում:
Երիտասարդ մայրն այլեւս խուսափում է հայելու մեջ նայել եւ տնից դուրս գալ: Նրա խոսքով, որդիկ էլ ամաչում է ընկերների մոտ որպես իր մայր ներկայացնել իրեն եւ հազվադեպ է հետը շփվում:
Հու-ն արդեն երկու անգամ ինքնասպանության փորձ է արել եւ ներկայումս միայն ամուսնու աջակցության շնորհիվ է ուժ գտնում՝ կյանքը շարունակելու համար:
Օրեր առաջ նա վերականգնողական վիրահատության է ենթարկվել՝ Շանհայի հիվանդանոցներից մեկում՝ մաշկին առաձգականություն հաղորդելու եւ ինքնավստահությունը որոշակիորեն վերականգնելու նպատակով:






