Միջազգային գիտահետազոտական խումբ կազմած գիտնականները պարզել են, որ հակադեպրեսանտների, մասնավորապես՝ Պրոզակի թույլ չափաբաժինը կարող է նախադաշտանային համախտանիշի վերացման հանգեցնել, հաղորդում է FoxNews-ը:
Բրիստոլի համալսարանի, Լոնդոնի համալսարանական քոլեջի եւ Սան-Պաուլոյի՝ Բրազիլիայում գործող համալսարանի գիտաշխատողները լաբորատոր առնետների նկատմամբ փորձարկումներ են նախաձեռնել՝ British Journal of Pharmacology ամսագրում նկարագրություն գտած համատեղ հետազոտության շրջանակում՝ ապացուցելու համար, որ հակադեպրեսանտի ազդեցությամբ ուղեղում կոնկրետ էնզիմների ճնշման եւ նախադաշտանային շրջանում պրոգեստերոնների պակասից առաջացող ախտանշանների թեթեւացման կարելի է հասնել:
Նախադաշտանային համախտանիշը կանանց մինչեւ 80 տոկոսի մոտ կարող է ի հայտ գալ եւ որոշ դեպքերում ուժասպառության պատճառ դառնալ: Տագնապի զգացողությունը, գրգռվածությունը եւ ցավի նկատմամբ բարձր զգայունությունը եւս նախադաշտանային ախտանշանների շարքն են լրացնում:
Գիտնականները վստահ են, որ համախտանիշի առաջման պատճառը ձվարաններից արտազատվող սեռական ստերոիդ հորմոնի՝ պրոգեստերոնի մակարդակի կրճատումն է, ինչը դաշտանային ցիկլի ավարտին մոտ է նկատվում: Հորմոնի արտազատման ծավալների նվազումը նաեւ դրա քայքայման արդյունքում ի հայտ եկող՝ հանգստացնող ազդեցությամբ օժտված ալոպրեգնանոլոնի կրճատման է հանգեցնում:
Վերը նկարագրված անհավասարակշռությունը ուղեղում «չեղարկման համախտանիշի» նմանությամբ արձագանք հրահրելու միտում ունի: Այդուհանդերձ, հակադեպրեսանտներին հաջողվում է, ալոպրեգնանոլոնի ազդեցությունն ապաակտիվացնող էնզիմի աշխատանքը ճնշելով, դրա հանգստացնող ներգործությունը պահպանել:
«Հետազոտությունը նախադաշտանային համախտանիշի դեմ նվազագույն կողմնակի ազդեցություններով թիրախային եւ ընդմիջվող թերապիայի նշանակման հնարավորությունն է ներկայացնում», - նշել է դոկտոր Լովիկը՝ Բրիստոլի համալսարանից:
Մեկ այլ՝ European Neurophsychopharmacology ամսագրում հրապարակված հոդվածի հեղինակներն էլ պարզել են, որ, լաբորատոր առնետների պարագայում, նախադաշտանային փուլի մեկնարկից անմիջապես առաջ ցածր չափաքանակով հակադեպրեսանտի նշանակումը կարող է ալոպրեգնանոլոնի մակարդակի ավելացման եւ վերը հիշատակված համախտանիշի կանխարգելման հանգեցնել:
Մարդկանց նկատմամբ փորձարկումները կարճ ժամանակ անց՝ Բրազիլիայում են իրականացվելու:






