Կանադացի գիտնականները պարզել են, որ խոլեստերինի մակարդակի նվազեցմանը միտված ստատինների ընդունումը կարող է կատարակտի առաջացման ռիսկի աճ խթանել՝ Զոկորը, Կրեստորը եւ Լիպիտորը, որոնք բազմաթիվ մարդկանց ինֆարկտից եւ ինսուլտից են փրկում, տեսողության հետ կապված խնդիրների առաջացման ռիսկի՝ 27 տոկոսի չափով աճի հանգեցման միտում ունեն: Այդուհանդերձ, Վանկուվերում գործող Բրիտանական Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ջոն Մանչինիի դիտարկմամբ, կատարակտի՝ աչքի ոսպնյակի պղտորման ռիսկի աճն աննշան է՝ այն օգտակարության համեմատ, որը վերը հիշատակված դեղամիջոցներն են ապահովում: Բացի այդ էլ, դեռեւս ապացուցված չէ, որ ստատիննեըն անմիջականորեն կատարակտի առաջացման են հանգեցնում՝ պատճառահետեւանքային կապի առկայության հաստատման կամ հերքման համար հավելյալ մանրազննին կլինիկական հետազոտությունների կարիք է զգացվում, հաղորդում է NewsMax Health-ը:
Մեկ այլ մասնագետի՝ դոկտոր Մարկ Ֆորմերի դիտարկմամբ, ստատինները մարդու կյանքը երկարաձգելու, ինֆարկտի եւ ինսուլտի առաջացման ռիսկը նվազեցնելու ներուժ ունեն, մինչդեռ կատարակտը 99,9 տոկոս դեպքերում անցավ բուժման է ենթակա՝ վիրահատության միջոցով:
Հետազոտության արդյունքների մասին զեկույցը Canadian Journal of Cardiology ամսագրում է հրապարակվել: Ուսումնասիրության շրջանակում Բրիտանական Կոլումբիա նահանգի առողջապահության նախարարության կողմից՝ 2000-2007թթ.-ին եւ LifeLink ամերիկյան ընկերության կողմից՝ 2001-2011թթ.-ին հավաքագրված տվյալներն են կիրառվել: Ընդհանուր առմամբ, կատարակտով ախտորոշված 207 հազար չափահաս մարդիկ են հետազոտվել: Հիվանդությունիզ զերծ մասնակիցների թիվը 1,1 մլն է կազմել: Կանադական տվյալների բազայի վերլուծությամբ պարզվել է, որ ստատինների ընդունմամբ կատարակտի առաջացման ռիսկի՝ 27 տոկոսի չափով աճ է հրահրվում: ԱՄՆ-ում համապատասխան ցուցանիշը 7 տոկոս է հաշվարկվել, ինչն, այդուհանդերձ, բացարձակ արժեքով բավականին մեծ թիվ է կազմում:
Այդուհանդերձ, բազմաթիվ մասնագետների դիտարկմամբ, ստատինները բավականին անվտանգ եւ արդյունավետ դեղամիջոցներ են եւ ռիսկերը բազմաթիվ անգամ գերազանցող օգտակարություն ունեն:






