Հետազոտությամբ պարզվել է, որ Հոջկինի լիմֆոմայով տառապող հիվանդները, որոնց բուժման բոլոր այլ մեթոդները չեն օգնում, կարող են օրգանիզմի իմունային համակարգի վրա հիմնված բուժամիջոցի օգնությանը դիմել: Հոջկինի լիմֆոման՝ արյան սպիտակ մասնիկների՝ լիմֆոցիտների հիվանդությունը, երեխաների ու չափահասների շրջանում ամենալայն տարածում գտած չարորակ հիվանդություններից մեկն է հանդիսանում: Եւ մինչ դրա ժամանակակից բուժումը հաճախ հաջողությամբ է պսակվում, հիվանդների քառորդ մասի մոտ ռեցիդիվ կարող է նկատվել: Դոկտոր Ջոշուա Բրոուդիի խոսքով, տարեկան ավելի քան 1000 ամերիկացիների կյանք խլող օնկոլոգիական հիվանդությունը նաեւ այնքանով է հազվագյուտ, որ առավել հաճախ երիտասարդների, քան՝ տարեց մարդկանց մոտ է ի հայտ գալիս:
Եզրահանգման համար հիմք ծառայած հետազոտությանը 23՝ քիմիաթերապիայից որեւէ օգնություն չստացած հիվանդներ են մասնակցել: Ավելին, նրանց երրորդ մասից ավելին բուժման 6 այլ մեթոդների միջոցով ապաքինվելու անհաջող փորձեր են կատարել: Հինգ հիվանդներից չորսը նաեւ, բուժման հույսով, ցողունային բջիջների փոխպատվաստման օգնությանն են դիմել, կրկին՝ անարդյունք, տեղեկացնում է NewsMax Health-ը:
Բուժման նոր մեթոդը Նիվոլումաբ անվամբ հայտնի՝ իմունային համակարգը քաղցկեղային բջիջների դեմ պայքարի համար ազատող դեղամիջոցի ընդունմամբ է իրականացվում: Խոսքը, մասնավորապես, որոշ իմունային բջիջների աշխատանքի «արգելակը» համարվող PD-1 սպիտակուցի արգելափակմանն է վերաբերում, ինչը իմունային համակարգին ուռուցքի ուղղությամբ գրոհ նախաձեռնելու հնարավորություն կարող է ընձեռել:
Նորահայտ մեթոդը աննախադեպ արդյունքներ է գրանցել: Բուժման կուրսի ավարտից հետո հիվանդներից չորսի մոտ ուռուցք չի հայտնաբերվել, իսկ 16-ի պարագայում նորագոյացության չափերի կրկնակի կրճատում է գրանցվել: 6 ամիս անց հիվանդների 86 տոկոսը կենդանի են եղել եւ բուժման նկատմամբ ցանկալի արձագանք դրսեւորել: 1 տարի անց էլ հիվանդների մեծ մասը առողջական խնդիրներ չեն ունեցել: Նրանց 20 տոկոսի պարագայում լուրջ կողմնակի ազդեցություններ են նկատվել, որոնք, սակայն, ոչ մի դեպքում կյանքին սպառնացող հետեւանքների չեն հանգեցրել: Արդյունքների ամենահուսադրող հատկանիշն այն է, որ դրանք բուժման այլ մեթոդների հաշվին որեւէ օժանդակություն չստացած հիվանդների շրջանում են գրանցվել:
Հետազոտության արդյունքները New England Journal of Medicine ամսագրում են հրապարակվել:






