Մարդու տրամադրությունը եւ հոգեկան վիճակն ազդում են նրա առողջության վրա – գիտությանն այս փաստն արդեն վաղուց հայտնի է: Պարզվում է, տրամադրության եւ մաշկի վիճակի միջեւ նույնպես բավական մեծ կապ կա, պնդում է մաշկաբան-սեռավարակաբան Կարեն Վարդանյանը:
Նրա խոսքով՝ այսպես կոչված «դեպրեսիվ» անձանց մոտ մաշկային խնդիրները սովորաբար սրվում են: Դա կարելի բացատրել նրանով, որ «դեպրեսիվ» վիճակը սթրես է օրգանիզմի համար, իսկ սթրեսն իր հերթին հյուծում է օրգանիզմը եւ կարող է տարաբնույթ խնդիրներ զարգացնել, իսկ եղած խնդիրները՝ խորացնել:
Օրինակ, երիտասարդական պզուկների ժամանակ, եթե պացիենտը տրամադրության հետ խնդիրներ է ունենում, այսպես կոչված «արատավոր օղակն» է սկսում գործել. մաշկային խնդրի պատճառով պացիենտի տրամադրությունն ընկնում է, ինքնագնահատականի անկում է նկատվում, որը ժամանակի ընթացքում կարող է դեպրեսիվ վիճակի բելեր: Դեպրեսիվ վիճակն էլ իր հերթին էլ ավելի է խորացնում մաշկային խնդիրը:
Արատավոր օղակից դուրս գալու եւ ընդհանրապես առողջ եւ գեղեցիկ մաշկ ունենալու համար շատ կարեւոր է լավ տրամադրություն ունենալ, այդ իսկ պատճառով, Կարեն Վարդանյանի խոսքով, շատ հաճախ պետք է լինում մաշկային հիվանդությունների բուժման հետ մեկտեղ նաեւ պացիենտի ինքնագնահատականի եւ տրամադրվածության վրա աշխատել:






