Կոտայքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մարզպետ Արամ Հարությունյանի հետ այցելեց Եղվարդի Նաիրիի բժշկական կենտրոն: Այս մասին NEWS.am Medicine-ին նախարարության մամլո ծառայությունից են հայտնել։
Նախարարի ուշադրության կենտրոնում էր վիրաբուժական բաժանմունքը. հիվանդանոցի տնօրեն Արմեն Նազարյանը ներկայացրեց, թե ինչ վիրահատություններ են այնտեղ իրականացվում և ինչ ծավալներով: Արմեն Մուրադյանը հետաքրքրվեց նաև պետական պատվերի ծավալներով:
Նոր Հաճնի պոլիկլինիկայում նախարարը շրջեց կաբինետներով, այցելեց ախտորոշիչ բաժանմունք, լաբորատորիա, զրուցեց այցելուների հետ: Պոլիկլինիկայի տնօրեն Արարատ Երանոսյանը տեղեկացրեց, որ առողջության պահպանման առաջնային այս օղակում սպասարկվում է 13 000 բնակիչ, որից 3200-ը` երեխաներ:
Արմեն Մուրադյանը հետաքրքրվեց Իմունականխարգելման ազգային ծրագրի ընթացքով:
Բուժանձնակազմի հետ զրույցի ժամանակ նախարարն անդրադարձավ 2015թ. մեկնարկող սրտի անհետաձգելի վիրահատությունների նոր ծրագրին: Կարևորեց դրա արդյունավետ իրականացումը Երևանում և մարզերում:
Ցորենի ալյուրի հարստացման ծրագրի մասին խոսելիս պոլիկլինիկայի բուժաշխատողները վկայեցին, որ վերջին տարիներին աճել է անեմիաներ ունեցող մարդկանց թիվը: Արմեն Մուրադյանը կարևորեց նաև հղիության արհեստական ընդհատումների դեմ պայքարը: Նա ողջունելի համարեց պոլիկլինիկայի միակ սոնոգրաֆիստ Աննա Գրիգորյանի` երրորդ երեխայի դեպքում սեռը չասելու մոտեցումը:
Նախարարի հաջորդ կանգառը Հրազդանի բժշկական կենտրոնում էր։ Համաշխարհային բանկի վարկային ծրագրով հիմնանորոգվել են կենտրոնի հիվանդանոցի, ծննդատան և պոլիկլինիկայի մասնաշենքերը, որոնք հագեցվել են բժշկական նորագույն սարքերով: Կենտրոնի տնօրեն Ռոբերտ Սահակյանը ներկայացրեց բժշկական կենտրոնում մատուցվող ծառայությունները: Պատվաստումների սենյակում նախարարը հետաքրքրվեց նախազորակոչի պատվաստումների իրականացմամբ, զրուցեց նախազորակոչիկների հետ: Արմեն Մուրադյանը եղավ նաև վիրահատարանում և վերակենդանացման, թրապևտիկ և ծննդաբերական բաժանմունքներում, հետաքրքրվեց հիվանդների վիճակով:
Հրազդանի բժշկական կենտրոնում տարեկան կատարվում է շուրջ 700 վիրահատություն: Ընթացիկ տարում գրանցվել է 945 ծննունդ:
Կոտայքի մարզի բժշկական կենտրոններում ընթացքի մեջ է շտապօգնության արդիականացման ծրագիրը: Նախարարարը և շտապբուժօգնության ծառայությունը համակարգող, առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը հետաքրքրվեցին ծառայության աշխատանքներին ու խնդիրներին, հորդորեցին ակտիվացնել էլեկտրոնային համակարգին անցումը` աշխատանքի արդյունավետությունն ապահովելու համար: Հաջորդիվ Կոտայքի մարզպետարանում տեղի կունենա հանդիպում բուժաշխատողների հետ:






