Սեուլի ազգային համալսարանը ներկայացնող գիտնականնեըը պրոթեզների նկատմամբ վերաբերմունքը մեկընդմիշտ փոխելու հայտ ներկայացնող տաք եւ առաձգական, բազմաթիվ սենսորներով զինված արհեսատական մաշկի փորձարկման աշխատանքներ են մեկնարկել: Բանն այն է, որ դրա շնորհիվ հեռանկարում պրոթեզներ կրող մարդիկ կարող են շոշափելիքը եւս վերականգնել, հաղորդում է Live Science-ը:
Արհեստական մաշկը ձեռքի պրոթեզին են հագցրել՝ նախ եւ առաջ ամրությունը ստուգելու նպատակով: Պարզվել է, որ այն նույնիսկ ամենաբարդ գործողություններին՝ ձեռքսեղմանը, ստեղնաշարով աշխատանքին, գնդակով խաղին, սառը եւ տաք խմիքների, ինչպես նաեւ չոր եւ խոնավ տակդիրների ու այլ մարդկանց հետ շփման նկատմամբ նորմալ դիմակայում կարող է ապահովել: Մաշկը զգայուն է ճնշման, ձգման, ջերմության եւ խոնավության նկատմամբ:
Ի տարբերություն նախորդ սերնդի արհեստական մաշկի, այն իսկապես տվյալների հսկայական զանգված հաղորդելու ներուժ ունի եւ բարձր զգայունությամբ է օժտված: Բացի այդ, նախկինում նմանատիպ մշակումների համար ոչ ճկուն կամ կիսաճկուն սենսորներ էին կիրառվում: Նոր տարբերակը սիլիկոնային ժապավենից ստացված՝ բարձր ճնշմանը դիմակայելու եւ մեծ ծավալով տեղեկություններ հաղորդելու ունակ սենսորներ է կրում:
Մշակման հեղինակները հավելյալ զգայունություն են հաղորդել այն հատվածներին, որտեղ առավել նվազ ձգում է նկատվում: Իսկ որտեղ ակնկալվող ձգումը մեծ է՝ հավաքման ենթակա տեղեկատվության բազմազանության ապահովմանը միտված վերազինում է իրականացվել: Բացի այդ էլ, բորբոքումից խուսափելու համար ցերիումի օքսիդի մասնիկներով պատված, ձգվող պլատինային էլեկտրոդներ են կիրառվել՝ նյարդերի աշխատանքը խթանելու եւ տեղեկատվության՝ ուղեղի ուղղությամբ հաղորդումն ապահովելու նպատակով:






