Լեյկոզը արյունաստեղծ համակարգի չարորակ հիվանդությունների խումբ է, որի առկայության պարագայում բջիջների տրոհման եւ զարգացման գործընթացն է խախտվում: Ստորեւ NEWS.am Medicine-ի խմբագրությունը 5 հուզիչ՝ լեյկոզով հիվանդ դեռահասների մասին պատմող ֆիլմեր է Ձեր ուշադրությանը ներկայացնում.
1. «Իմ պահապան հրեշտակը» (My Sister's Keeper), 2009
15-ամյա Քեյթ Ֆիցջերալդը հիվանդ է լեյկոզով: Նրան փրկելու նպատակով ծնողները եւս մեկ երեխայի՝ Աննային են լույս աշխարհ բերել, որը պետք է արյան, պլազմայի եւ ոսկրածուծի դոնոր դառնա՝ քրոջ համար: Հիվանդության հերթական սրման արդյունքում Քեյթի երիկամները շարքից դուրս են գալիս, եւ Աննան պետք է այդ օրգանից եւս քրոջը հանձնի: Սակայն իրերի նման դրության հետ չհամաձայնության հետեւանքով Աննան բոլորի համար անսպասելի քայլի է դիմում՝ դատական հայց է ներկայացնում սեփական ծնողների դեմ՝ սեփական մարմինը տնօրինելու իրավունքը ստանձնելու մտադրությամբ:
Հետաքրքիր եւ հուզիչ՝ Ջոդի Պիկոլտի «Հրեշտակ՝ քրոջ համար» գրքի մոտիվներով նկարահանված ֆիլմ:
2. Նամակներ Աստծուն (Letters to God), 2010
Երիտասարդ Թայլեր Դոերթին ամեն օր նամակ է գրում Աստծուն: Տղան ծանր հիվանդություն ունի, սակայն հավատը թույլ չի տալիս նրան, որ թեւաթափ լինի ու հանձնվի: Նամակները փոստատար Բրեյդի ՄաքԴենիելսի մոտ են հայտնվում. նա, իհարկե, չի կարող դրանք հասցեատիրոջը հանձնել, սակայն, ընթերցելով, ոգեւորում է եւ ուժ գտնում իր մեջ՝ սեփական կյանքը փոխելու համար:
3. «Շտապիր սիրել» (A Walk to Remember), 2002
Լենդոն Կարտերը՝ դպրոցի ամենահեղանակավոր տղաներից մեկը, ճակատագրի հեգնանքով եկեղեցական երգչախմբի ու թատերախմբի անդամ, ոչ այնքան գրավիչ արտաքինով Ջեյմի Սալիվանին է սիրահարվում: Պարզվում է՝ աղջիկը լեյկոզով է տառապում: Սակայն սարսափելի ախտորոշումը հետ չի պահում Լենդոնին՝ նա պատրաստ է մինչեւ վերջ սիրած աղջկա կողքին մնալ եւ նույնիսկ ամուսնության առաջարկ է անում նրան:
4. «Լավ երեխաները լաց չեն լինում» (Achtste Groepers Huilen Niet), 2012
11-ամյա Էքքին իսկական խուլիգան է՝ այնքան էլ լավ չի սովորում, բայց փոխարենը հրաշալի ֆուտբոլ խաղալ գիտի: Նույնիսկ լեյկոզի ախտորոշում ստանալուց հետո էլ նա շարունակում է խաղալ եւ համադասարանցիների աջակցությունը վայելել:
5. «Ավրորա», 2006
Ավրորա անունով աղջիկը Պրիպյատ քաղաքի ծայրամասում գտնվող մանկատանն է ապրում: Նա ցանկանում է բալետի պարուհի դառնալ: Չեռնոբիլի ատոմակայանում տեղի ունեցած պայթյունից հետո աղջիկը կայարան՝ Տարաս Սավչենկոյի հետեւից է վազում: Վերջինս միշտ էլ հայրաբար էր վերաբերվել նրան. իսկական հորը չէր հիշում: Կայարանում ռադիացիոն ճառագայթման հսկայական չափաբաժին ստանալով, աղջիկը հիվանդանում է եւ Միացյալ Նահանգներ տեղափոխվում՝ բուժման համար: Հենց այնտեղ էլ իր կուռքին՝ բալետի աստղ Նիկոլայ Աստախովին է հանդիպում, ով այդ ընթացքում ստեղծագործական ճգնաժամ էր ապրում: Հանդիպում, որ կարող է ճակատագրական դառնալ՝ երկուսի համար:






