ՄԱԿ-ի գլխավոր Բան Կի Մունը համաշխարհային կազմակերպության Էբոլա վիրուսի համաճարակին արտակարգ արձագանքման առաքելության նոր ղեկավար է նշանակել Մավրիտանիայի քաղաքացի Իսմայիլ Ուլդ Շեյխ Ահմեդին: Վերջինս հիշատակված պաշտոնում ամերիկացի Էնտոնի Բենբերիին փոխարինելու կգա: 

Միեւնույն ժամանակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Էբոլայի դեմ պայքարի հարցերով հատուկ հանձնակատար Դավիդ Նաբարոն լրագրողներին հայտնել է, որ Արեւմտյան Աֆրիկայի՝ Էբոլա վիրուսի համաճարակի ճիրաններում հայտնված երկրներում մահացու վտանգավոր տենդի շուրջ 100 օջախներ են մնացել: «Դրանցից յուրաքանչյուրը վիրուսի տարածման ինքնատիպ ինտենսիվությամբ է բնորոշվում», - նշել է նա:

Մինչ այդ, նախօրերին հայտնի էր դարձել, որ վիրուսի դեմ մշակված պատվաստանյութի՝ Շվեյցարիայում իրականացվող փորձարկումները դադարեցվել են, քանի որ մասնակիցներից մի քանիսի մոտ հոդացավեր են ի հայտ եկել: Ժնեւի համալսարանական հոսպիտալին կից գործող վակցինալոգիայի կենտրոնի ղեկավար Կլեր-Էնն Զիգրիստի տեղեկացմամբ, հոդերում ցավային զգացողությունները թույլ են եղել եւ ընդամենը մի քանի օր տեւել: «Ծրագիրը 2015թ.-ի մեկնարկից կշարունակվի», - հավաստիացրել է պրոֆեսորը:

Խոսքը Կանադայում մշակված VSV-ZEBOV պատվաստանյութի մասին է, որի կլինիկական փորձարկումների մեկնարկը, ԱՀԿ-ի խնդրանքով, նոյեմբերի 10-ին է տրվել: Փորձարկմանը շուրջ 350 թեկնածուներից ընտրված 115 կամավորներ են մասնակցում:

Համալսարանական հոսպիտալը հետազոտությունների առաջին արդյունքները դեկտեմբեր ամսվա առաջին օրերին էր ստացել. դրանք, սակայն, ոչ մի մտահոգություն չէին պատճառել բժիշկներին: Ենթադրվում էր, որ փորձարկումը մինչեւ 2015թ.-ի մեկնարկն է շարունակվելու:

Առայժմ 115 կամավորներից ընդամենը 59-ն են պատվաստանյութի ներարկում ստացել: Յուրաքանչյուր շաբաթ վակցինացիա ստացողների թիվը մոտավորապես 15-ով ավելացվում է: Ընդ որում, ոմանց իսկական դեղամիջոցի փոխարեն պլացեբո է ներարկվում: Կամավորները կես տարի բժիշկների վերահսկողության տակ են մնալու: