«Նորք–Մարաշ» բժշկական կենտրոնն իր թիկունքում ունի ավելի քան 22 000 սրտի բաց եւ փակ վիրահատություններ, այդ թվում 6 000 երեխաների, ապահովում է ամբողջ հանրապետության ազգաբնակչությանը եւ շարունակում է մնալ տարածաշրջանային նշանակությամբ կենտրոն՝ մասնագիտացված մանկական եւ մեծահասակների սրտաբանության եւ սրտային վիրաբուժության, ինտերվենցիոն սրտաբանության եւ այլ ծառայությունների մատուցման բնագավառում, չզիջելով Եվրոպային եւ Միացյալ Նահանգներին կարեւորագույն բժշկական ցուցանիշներով, արհեստավարժությամբ եւ իմիջով։ Այս մասին «Նորք Մարաշ» ԲԿ 20–ամյակին նվիրված տոնական հանդիսության ժամանակ ասել է կենտրոնի տնօրեն Լիդա Մուրադյանը։ Հանդիսավոր արարողությանը ներկա է գտնվել երկրի նախագահ Սերժ Սարգսյանը, ով պարգեւներ է հանձնել կենտրոնի աշխատակիցներին։
Ներկայացնելով կենտրոնի անցած ուղին, Լ. Մուրադյանը հիշել է, թե ինչպես են 20 տարի առաջ, մութ ու ցուրտ տարիներին թիվ 2 մանկական կլինիկական հիվանդանոցի 13 մասնագետներ 10 մահճակալի վրա հիմնել այս կենտրոնը։ «Այդ պահին գուցե չէինք էլ հասկանում, որ Հայաստանում սրտային վիրաբուժության երկրորդ վերածննդի հիմնաքարն է դրվում», – ասել է նա, հավելելով, որ հետագայում սրտային վիրաբուժությունն ու ինվազիվ սրտաբանությունը դուրս եկան ազգային շրջանակներից եւ 1998-99 թվականներին ստացել է տարածաշրջանային ճանաչում, լինելով Անդրկովկասում միակ մասնագիտացված կենտրոնը։ Լ. Մուրադյանը ընդգծեց նաեւ անվանի սրտաբան, իր գործի նվիրյալ Հրայր Հովակիմյանի ներդրումը կենտրոնի ստեղծման եւ գործունեության գործում։
20–ամյակի կապակցությամբ «Նորք-Մարաշ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ռեանիմատոլոգ Իրինա Բակունցին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժշկի պատվավոր կոչում, «Նորք-Մարաշ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի սրտաբան Կարինե Սարգսյանին՝ Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժշկի պատվավոր կոչում, «Նորք-Մարաշ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի սրտային վիրաբույժ Վիլեն Մանուկյանը պարգևատրվել է Մխիթար Հերացու մեդալով, «Նորք-Մարաշ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի սրտային վիրաբույժ Հակոբ (Հրայր) Հովակիմյանը՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, իսկ «Նորք-Մարաշ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի գլխավոր բուժքույր Աիդա Երիցյանը՝ Երախտագիտության մեդալով: Սերժ Սարգսյանը հանձնել է պետական պարգեւները, շնորհավորել պարգեւատրվածներին եւ բժշկական կենտրոնի բոլոր աշխատակիցներին կենտրոնի հոբելյանի կապակցությամբ մաղթել հետագա հաջողություններ:
[gallery id=43]





