Դեղերի հայկական շուկայի խոշորագույն մատակարարներից մեկը՝ «Նատալի Ֆարմը», 8-9%-ով է բարձրացրել դեղերի գները, եւ սա բացառապես պայմանավորված է արտարժույթի փոխարժեքի աճով, ոչ թե դեղամիջոցների պարտադիր դրոշմապիտակավորմամբ։ Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին ասել է «Նատալի Գրուպ»-ի գլխավոր տնօրեն Ասատուր Ասատրյանը։
Մեկնաբանելով այն փաստը, որ Հայաստանի առողջապահության նախարարը հանդիպել է դեղ ներկրողների հետ եւ կոչ արել նրանց զսպել դեղորայքի գնաճը, Ա. Ասատրյանը նշել է, որ այդ գնաճի տեմպերը զգալիորեն հզիջում են արտարժույթի փոխարժեքի աճի տեմպերին։ Մասնավորապես, երբ դոլարը 15 %–ով էր բարձրացել, դեղերի գները սկզբում բարձրացել են 2, հետո 3%-ով։ Ընդհանուր աճը կազմել է 8-9%, այսինքն՝ դեղամիջոցները թանկացել են կես գնով։
Ա. Ասատրյանի կանխատեսումներով դեղորայքի գների աճի միտումը կպահպանվի արտարժույթի փոխարժեքի աճի դինամիկայի պահպանման դեպքում։ Նրա խոսքով, հայկական դեղագործական շուկան շատ է կախված փոխարժեքից, քանի որ երկիր ներմուծվում են ոչ միայն պատրաստի դեղագործական ապրանքները, այլեւ տեղական արտադրության համար նախատեսված հումքը։
Ինչպես պարզաբանեց Ա. Ասատրյանը, շուկայական տնտեսության պայմաններում Հայաստանի առողջապահության նախարարությունը կարող է միայն պետական գնումների միջոցով միջամտել դեղորայքի գներին՝ մրցույթ հայտարարելով այս կամ այն դեղամիջոցի համար։ Բոլոր մնացած դեպքերում կառավարությունը ազդեցության լծակներ չունի։
Ա. Ասատրյանը նաեւ նշեց, որ «Նատալի Ֆարմում» հաղթահարել են պարտադիր դրոշմապիտակավորման հետ կապված բոլոր խնդիրները, եւ դա չի հանգեցրել մատակարարման խափանումներին։ Իհարկե, աշխատատեղեր են ավելացել, աշխատանքի ծավալն է մեծացել, բայց, ըստ նրա, բուն այս գործընթացը գների աճի չի հանգեցրել։
Ինչ վերաբերում է այս պահանջի նպատակահարմարությանը, Ա. Ասատրյանը նշել է, որ դուր է գալիս իրեն այդ պահանջը, թե ոչ, սուբյեկտիվ հարց է, կա կառավարության որոշում, եւ այն կատարվում է։ Այս որոշումը նա դրական է համարում այնքանով, որ սա կարող է կանխել Վրաստանից անօրինական դեղորայքի ներմուծումը։ Իհարկե, այն դեպքում, եթե կառավարությունը հետեւողական լինի իր վերահսկողական գործառույթների իրականացման հարցում, եւ եթե ներդրված ջանքերը դրանից ստացված արդյունքները չգերազանցեն, քանի որ, ինչպես պնդում է Ա. Ասատրյանը, Հայաստանում դեղագործական բիզնեսը բավականին թափանցիկ է, եւ այս բնագավառում ստվերը շատ փոքր տոկոս է կազմում։






