Մարդու հոգեկան վիճակը համարվում է օպտիմալ, եթե նրա հիմնական պահանջները բավարարված են եւ կա վստահություն, որ առաջիկայում դրանք եւս հնարավոր է լինելու բավարարել: Վերջին օրերի ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով պահանջներն ապագայում բավարարելու վստահությունը միանգամից վտանգվում է, ինչը ոչ միշտ է կարող անհետեւանք անցնել:
Այն մասին, թե ինչպես են նման սթրեսային իրավիճակները մարդկանց հոգեկան վիճակի վրա ազդում, լրագրողներին ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, Հայկական հոգեբուժական ասոցիացիայի պատասխանատու քարտուղար Խաչատուր Գասպարյանն է պատմել:
Վերջին իրադարձություններից հետո մարդիկ հայտնվել են մի այնպիսի իրավիճակում, երբ նրանց վստահությունը վաղվա օրվա նկատմամբ կորել է, եւ նրանք հասկացել են, որ տնտեսական առումով այնքան էլ պաշտպանված չեն:
Այս իրավիճակում մարդու մեջ եղած այլ տագնապներն էլ գումարվում են եւ խուճապի մթնոլորտ են առաջացնում: Նմանատիպ սթրեսածին իրավիճակում մարդիկ սկսում են ավելի ինքնակենտրոն դառնալ՝ ինքնապաշտպանման նպատակով:
Մյուս կողմից, մարդկանց մեջ դեռ թարմ են ոչ այնքան հեռու անցյալի մասին հիշողությունները, ինչն իր հերթին վախ է ստեղծում, որ 90-ականները կարող են «կրկնվել»:
Մարդկանց մոտ 10-15 տոկոսի մոտ այս իրավիճակում կարող են ավելի բուռն ռեակցիաներ առաջանալ, քան հնարավոր է պատկերացնել: Սա ավելի հավանական է մարդկանց խոցելի խմբերում, որոնք նախկինում սթրեսի եւ տրավմաների փորձ են ունեցել:
Երբեմն ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառող առաջացող անպաշտպանության զգացողությունը սրում է մարդու մոտ առկա հոգեբանական խնդիրները, երբեմն էլ՝ ընդհակառակը, մարդիկ էլ ավելի են հավաքվում եւ իրենց հուզող խնդիրների լուծման ճանապարհներ են փնտրում:
Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ, Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի գործադիր վարչության անդամ Արմեն Սողոյանը իր հերթին նշել է, որ դժվար իրավիճակներում երբեք պետք չէ խուճապահար լինել, քանր որ խուճապը շատ վատ խորհրդատու է՝ խուճապի ժամանակ մարդը ինքն իր ձեռքով իրեն վնասում է:
«Յուրաքանչյուր մարդ պետք է իմանա, որ ցանկացած խնդիր ունի լուծում, ուղղակի պետք է սթափ վերլուծել իրավիճակը եւ գտնել այդ լուծումը», - ասել է հոգեբույժը:






