Տոնական օրերը «Շտապօգնության» համար բավականին լարված են եղել: Այս մասին, այսօր՝ հունվարի 9-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
Նրա խոսքով՝ տոն օրերին Երեւանում գրանցվել է 6851 կանչ, ինչը 79-ով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Հիվանդանոց է տեղափոխվել 1139 մարդ։ Այս ցուցանիշը 206-ով ավելի է, նախորդ տարվա ցուցանիշից:
Ամենաշատ կանչերը գրանցվել են հունվարի 4-ին՝ 830։ Լարված է եղել նաեւ Նոր տարվա առաջին օրը, հունվարի 1-ը՝ 809 կանչ։ Նախորդ տարի ամենաշատ կանչերը գրանցվել են հունվարի 7-ին՝ 726։
Կանչերի քանակով առաջին տեղում են սիրտ-անոթային հիվանդությունները, սուր շնչառական վարակները, այնուհետեւ վնասվածքները։
Թագուհի Ստեփանյանը տեղեկացրեց, որ առհասարակ 2013 թվականը լարված տարի է եղել «Շտապօգնության» համար։ Ընդհանուր առմամբ տարվա կտրվածքով Երեւանում գրանցվել է 217597 կանչ, ինչը 1640-ով ավելի է, քան 2012 թվականին։ Հիվանդանոց է տեղափոխվել 39530 մարդ։






