Շտապօգնության 35 մեքենան շատ քիչ է Երեւանի համար։ Հատկապես դա զգացվում է տոն օրերին։ Այդ մասին հունվարի 9-ին մամուլի ասուլիսում ասաց «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը։

Նա հայտնեց, որ ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ աշխատում են մի շարք ծրագրերի վրա, որոնք կհեշտացնեն շտապօգնության աշխատանքը։ Համատեղ աշխատանքի արդյունքում պետք է տարանջատվեն շտապ, կյանքին վտանգ սպառնացող դեպքերը եւ կանչերը, որոնք այդ կատեգորիային չեն վերաբերվում։ «Այսինքն, բոլոր հիվանդությունները մենք պետք է բաժանենք մի քանի խմբի», - նշեց նա, հավելելով, որ կան այնպիսի անհետաձգելի կանչեր, որոնց շտապօգնության մասնագետները պիտի արձագանքեն արագ, եւ տեղ հասնեն 7-15 րոպեի ընթացքում։

Ինչ վերաբերում է այն բանին, որ շտապօգնության օպերատորը բազում ճշտող հարցեր է տալիս, ապա դա աշխատանքի մի մասն է մասնագետների, ովքեր պիտի իմանան, թե որքան արագ իրենք պետք է հասնեն եւ սպասարկեն այդ կանչը։ Լինում են իրավիճակներ, երբ հիվանդի խնդիրը շատ թեթեւ է, իսկ այդ ժամանակ ինչ-որ մեկի կյանքին վտանգ է սպառնում։

Տոն օրերին եղել են սննդից եւ ալկոհոլից թունավորման դեպքեր, բայց սակավաթիվ։ «Սակայն մենք չենք կարող ասել, որ դա սննդային թունավորում է, քանի որ թունավորումը առաջացել է ստամոքսի քրոնիկ հիվանդութունների սրման պատճառով» - նշեց Ստեփանյանը, հավելելով, որ գրանցվել է ընդամենը 3 դեպք, երբ հիվանդներին չեն հոսպիտալացրել։։

Ալկոհոլի չարաշահման հետ կապված կանչերն ընդամենը 40-նն էին, թունավորվածները հիմնականում քրոնիկ հիվանդներ էին։ 2013 թվականին ալկոհոլի չարաշահման եւ թունավորման հետ կապված գրանցվել է ընդամենը 728 կանչ։