Ղազախստանում գրանցվել են «քնած հիվանդության» դեպքեր։ Վերջին մի քանի օրերի տվյալներով «անհայտ պատճառի էնցեֆալոպաթիա» հիվանդությամբ ախտորոշված 9-րդ հիվանդը հոսպիտալացվել է Ղազախստանի Ակմոլի շրջանի Կալաչի գյուղում։ Այս հիվանդությունը կոչում են «քնած» բնորոշ ախտանշանների պատճառով։

Ղազախստանի արտակարգ իրավիճակների մարզային վարչության տվյալներով դեկտեմբերի 20-ից  Կալաչի գյուղից նույն ախտորոշմամբ արդեն հոսպիտալացվել է 7 մեծահասակ տեղաբնիկ եւ մեկ դպրոցական։

Էնցեֆալոպաթիայի նշաններով Կալաչի գյուղից հիվանդների հոսպիտալացման առաջին դեպքերը գրանցվել են դեռ 2013 թ. մարտին։ Անցյալ տարվա ամբողջ ընթացքում շրջանի բուժհիմնարկներ է դիմել համընդհանուր ախտանշաններով (գլխապտույտ, քնկոտություն, կենտրոնացման խախտում) ավելի քան 50 հիվանդ։ Ախտանշաններն անցողիկ բնույթ ունեն. 2-3 օրից հետո անհետ կորչում են, իսկ հիվանդներն իրենց բավարար են զգում՝ անկախ սեռից եւ տարիքից։

Սկզբում ախտանշանները հայտնվել են մարտ-մայիս ամիսներին, բայց 2014 թ. ընթացքում «քնած հիվանդությունը» գրանցվել է գրեթե տասնյակ գյուղացիների մոտ։

Տարբեր մասնագետներ արդեն 2-րդ տարին է, ինչ հետազոտություններ են իրականացնում, սակայն հիվանդության ծագման ճշգրիտ պատճառը դեռ անհայտ է։

Տարածաշրջանի վարչության ղեկավարը հայտնել է, որ 2015 թ. առաջին վեց ամիսներին Կալաչի գյուղում բնակվող բոլոր ընտանիքներին երեխաների հետ միասին կվերաբնակեցնեն այլ բնակավայրերում։