PIC/S-ին (դեղագործական տեսչությունների համագործակցության սխեմա) անդամակցությունը Հայաստանի առջեւ նոր հնարավորություններ կբացի: Այս կարծիքը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ ՀՀ ԱՆ Դեղերի փորձագիտական կենտրոնի տեսչական բաժնի ղեկավար Մկրտիչ Շաքարյանն է արտահայտել:
PIC/S-ը, նրա խոսքով, միջազգային կազմակերպություն է, որի անդամները փոխճանաչում են միմյանց՝ դեղերի ոլորտը կարգավորող կազմակերպության կողմից տրվող տեսչական հաշվետվությունը: Այսինքն, դեղարտադրող կազմակերպությունները հնարավորություն են ստանում PIC/S-ի անդամ երկրներում իրենց արտադրանքն ազատ գրանցել:
Ի՞նչ առավելություններ դա կարող է տալ:
Նախեւառաջ, PIC/S-ին անդամակցությունը կխթանի դեղամիջոցների արտահանումը: Բացի այդ, կկրճատվեն ծախսերը, որոնք արտադրողը ստիպված է կատարել՝ դեղամիջոցն այլ երկրներում գրանցելու համար: Հայաստանը Նաեւ հնարավորություն կստանա իրավական հիմքերով վստահելու PIC/S-ի անդամ երկրների արտադրողների գրանցմանը: Քանի որ Հայաստանը շատ դեղամիջոցներ է ներկրում, այդ փաստը, Մկրտիչ Շաքարյանի խոսքով, նույնպես շատ կարեւոր է:
Ե՞րբ է Հայաստանը PIC/S-ի անդամ դառնալու:
ՀՀ ԱՆ դեղերի փորձագիտական կենտրոնը կառավարության որոշմամբ եւ վարչապետի հանձնարարականով 2 տարի առաջ դիմել է անդամակցության համար եւ ստացել է դիտորդի կարգավիճակ՝ 2 տարի ժամկետով: Այժմ այդ ժամկետն ավարտին է մոտենում, եւ Հայատանն արդեն պատրաստվում է լիարժեք անդամակցության համար դիմել:
Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ նույնպես կարեւորել է PIC/S-ին անդամակցությունը ու հույս հայտնել, որ եկող տարվա մայիսին Հայաստանը PIC/S-ի լիարժեք անդամը կդառնա, եւ դա Հայաստանի դեղարտադրող կազմակերպությունների առջեւ նոր շուկաներ կբացի:






