Ամերիկայի հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման Ատլանտայում գտնվող (նահանգ Ջորջիա) կենտրոնի (CDC) շտաբի լաբորատորիաներից մեկում մոտ 10 մարդ ենթարկվել է Էբոլա վիրուսով վարակվելու վտանգին։
Ինչպես հայտնում է The Washington Post թերթը, այս լուրջ դեպքի պատճառ են դարձել անփութությունն ու անվտանգության կանոնների խախտումը։ Էբոլա վիրուս պարունակող նմուշները սխալմամբ կենտրոնի շտաբի պաշտպանված լաբորատորիայից ուղարկել են մեկ այլ ուրիշ նմանատիպ վայր, որտեղ աշխատակիցները չեն իմացել, թե իրենք հենց ինչպիսի նյութ են ստացել։ Երկրորդ լաբորատորիայում այդ նմուշների հետ աշխատել է ոչինչ չկասկածող տեխնիկական գծով մասնագետը, իսկ մոտ 10 մարդ էլ կարող էր դրա հետ կապ ունենալ։
CDC-ի պաշտոնական ներկայացուցիչ Բարբարա Ռեյնոլդսի խոսքով նմուշների հետ առանց անհրաժեշտ պաշտպանության աշխատող լաբորանտի մոտ Էբոլա վիրուսից առաջացած ախտանշաններ ներկա պահին չեն նկատվում։
Միջոցառումներ են ձեռնարկվում հայտնաբերելու բոլոր այն մարդկանց, ովքեր այդ լաբորանտի կողքին կարող էին կապ ունենալ մահացու վտանգավոր նյութերի հետ։ Ռեյնոլդսը ենթադրել է, որ իրականում այդ մարդկանց թիվը կարող է 10 հոգի կազմել։ Բացի դրանից, կատարվել է լաբորատորիայի կրկնակի ախտահանում։
CDC-ի տնօրեն Թոմ Ֆրիդենը կարգադրել է լիարժեք հետաքննություն իրականացնել կատարվածի բոլոր բնագավառներում եւ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները։






