Որքանո՞վ են հայերն այսօր առողջ: Պատասխանելով լրագրողների հարցերին այն մասին, որ մի շարք հիվանդացության եւ մահացության ցուցանիշները երկրում աճել են, առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշել է նաեւ մի շարք ցուցանիշներ, որոնք վերջին տարվա ընթացքում բարելավվել են:
Մասնավորապես, կյանքի միջին տեւողության ցուցանիշը Հայաստանում ԱՊՀ երկրների շարքում լավագույններից մեկն է: Կյանքի միջին տեւողությունը Հայաստանում աճել է եւ հասել է 74.8 տարեկանի, ընդ որում, կանանց կյանքի միջին տեւողությունը կազմում է 77.9, իսկ տղամարդկանցը՝ 71.5 տարի:
Մանկական եւ մայրական մահացության նվազման միտում է նկատվում, եւ եթե միտումը շարունակվի, Հայաստանն այս իմաստով ցածր ռիսկի գոտի կմտնի:
Բացի այդ, ինֆեկցիոն հիվանդություններով պայմանավորված մահացությունը Հայաստանում ընդամենը մոտ 1% է կազմում, ինչը նույնպես շատ լավ ցուցանիշ է եւ վկայում է իմունականխարգելման ծրագրի արդյունավետության մասին:
Նախարարը նաեւ նշեց, որ բնակչության առողջությանն ուղղված մի շարք ծրագրեր են իրականացվում, որոնք ուղղված են ոչ միայն հիվանդացութան եւ մահացության ցուցանիշների նվազմանը, այլեւ հիվանդությունների վաղ հայտնաբերմանը եւ հանրության առողջության ընդհանուր մակարդակի բարելավմանը:






